Արևմուտքը ԱՄԷ-ին կոչ է անում դադարեցնել ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան

Մանրամասներ

ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բանակցություններ են վարում ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան դադարեցնելու շուրջ։ Այդ մասին տեղեկանում Է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:

Մասնավորապես, արևմտյան պետությունների պաշտոնատար անձինք անհանգստացած են էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումներից, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություններին աջակցելու համար։

Արևմուտքը կոչ է անում ԱՄԷ-ին` պահպանել Ռուսաստանին վերաբերող առևտրային սահմանափակումները։ Իր հերթին ԱՄԷ-ի ներկայացուցիչն ասել է, որ Աբու Դաբին «հստակ և հուսալի գործընթացներ ունի այն կազմակերպությունների հետ աշխատելու համար, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ»։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին ԱՄԷ-ից Ռուսաստան էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը նախորդ տարվա համեմատությամբ աճել է ավելի քան յոթ անգամ՝ կազմելով գրեթե 283 միլիոն դոլար, Նշվում է, որ նման վերլուծություն է արել «Ազատ Ռուսաստան» հիմնադրամը։

Բացի այդ, անցած տարվա ընթացքում Էմիրությունները Ռուսաստան է ուղարկել 15 անգամ ավելի շատ միկրոչիպեր, քան 2021 թվականին. այդ ապրանքների առևտրի ծավալը 2021 թվականի 1,6 միլիոն դոլարից անցյալ տարի աճել է մինչև 24,3 միլիոն դոլար:

Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալներով՝ ուկրաինական հակամարտության առաջին ինն ամիսներին Եվրամիությունից Ռուսաստան ապրանքների մատակարարումների ծավալը նվազել է 47 %-ով։

Այդ նույն ժամանակաշրջանում ԱՊՀ երկրներ (Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան և Ղրղզստան) եվրոպական արտադրանքի մատակարարումներն աճել են 48 %-ով։ Ռուսաստանի Դաշնության հարևան երկրներ արտահանումն ավելացրել են Եվրամիության բոլոր երկրները, բացառությամբ Մալթայի և Շվեդիայի։ ԱՊՀ-ի երկրները հանդես են գալիս որպես տարանցիկ կետեր Ռուսաստան ապրանքների վերաարտահանման համար։