Էրդողանը քրդերին սպառնում է նոր ռազմական գործողություններով

Մանրամասներ
Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի՝ նման բան տեղի կունենա, եթե Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ  սպառնա:

«Սահմանային ռազմական  գործողությունները միշտ էլ օրակարգում են՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու և մեր քաղաքացիների խաղաղությունը պահպանելու համար: Եթե մենք վտանգ զգանք, ապա պատրաստ ենք ցանկացած պահի սկսելու ռազմական գործողություններ: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր  հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ,  Սիրիայի հյուսիսում լիակատար անկայունություն է»,- նշել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Սիրիայում  տիրող անկայունությունը և այնտեղ  գործող «ահաբեկչական կազմակերպությունները»  սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

«Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դեմ, միտված են մեր  սեփական անվտանգությունն ապահովելուն: Մեր հետագա քայլերը նույնպես նպատակ ունեն լուծել այս խնդիրը:  Դեռ կան տարածքներ, որոնք վերահսկվում են  ահաբեկիչների կողմից, ինչը  վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը», – նշել է Թուրքիայի նախագահը:իրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդ հայտարարության՝ «Թուրքիան նախկինում արել է այն, ինչ անրաժեշտ է եղել և այդպես էլ կշարունակի»։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ծրագրում է ավարտին հասցնել 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան վերջին տարիներին Սիրիայի հյուսիսում մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսի զգալի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի զինված ուժերի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am: