Սեփական հետաքննությունն ենք սկսելու. Հրդեհից զոհվածների ծնողները չեն վստահում պաշտոնական վարկածին, համոզված են՝ երեխաները մահացած են եղել մինչև հրդեհը

Մանրամասներ

Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներից 13-ի լիազոր ներկայացուցիչը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ տուժողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել սեփական հետաքննությունը։

«Վարույթ իրականացնող մարմնի հետ տառացիորեն երեկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ փետրվարի 10-ից սկսվելու են տուժողների հարցաքննությունները։ Որպես տուժողների պաշտոնական ներկայացուցիչ այսօր կամ վաղը գրավոր դիմում եմ գրելու Պաշտպանության նախարարին և զինվորական դատախազին՝ պահանջելով, որ միասին կամ առանձին հանդիպում ունենան տուժողների հետ և ներկայացնեն համապատսխան հաշվետվություններ և պարզաբանումներ»,- ասաց նա։

Նորիկյանը ներկայացրեց տուժողների ընդհանուր գնահատականը՝ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

«Համոզում կա, որ այս ողբերգությունը ԶՈՒ-ում կադրային սխալ քաղաքականության, ռազմավարական ու հայեցակարգային մտածողության բացակայության, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության պահանման, պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության բացակայության, անտերության հետևանք է։ Այն պետք է հասարակության համար դառնա համբերության վերջին կաթիլը, մեր բանակը պետք է դադարի դառնալ մահվան բանակ։

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին։ Մտահոգություն ունենք, որ ծածկադմփոց անելու փորձ է լինելու, ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ արդեն կենդանի չեն եղել կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանը նշեց, որ ծնողները հիմքեր ունեն չվստահելու պաշտոնական վարկածին, իսկ այդ հիմքերը տվել է դեպքից անմիջապես հետո որոշ շրջանակների կողմից դրսևորած հրապարակային ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը։