Բրազիլիան եւ Արգենտինան այս շաբաթ կհայտարարեն միասնական արժույթի ստեղծման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, հայտնում է Financial Times-ը:
Ծրագիրը, որը կքննարկվի այս շաբաթ Բուենոս Այրեսում կայանալիք գագաթաժողովում, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես նոր արժույթը, որը Բրազիլիան առաջարկում է անվանել «սուր» (հարավ), կարող է խթանել տարածաշրջանային առեւտուրը եւ նվազեցնել կախվածությունն ԱՄՆ դոլարից:
«Որոշում կկայացվի սկսել միասնական արժույթի համար անհրաժեշտ պարամետրերի ուսումնասիրությունը, ներառյալ ամեն ինչ՝ հարկաբյուջետային խնդիրներից մինչեւ տնտեսության չափը եւ կենտրոնական բանկերի դերը», - ասել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան:
Երկու երկրների քաղաքական գործիչները վերոնշյալ գաղափարը քննարկել են դեռեւս 2019 թվականին, սակայն այն ժամանակ բախվել են Բրազիլիայի կենտրոնական բանկի հակազդեցությանը:
Նախաձեռնությունը սկզբում կգործարկվի որպես երկկողմանի ծրագիր, սակայն հետագայում կընդլայնվի՝ ներառելով Լատինական Ամերիկայի այլ երկրներ: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի՝ կիրակի երեկոյան մեկնարկող Արգենտինա այցի ժամանակ։
0Comments