Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող պրոցեսների մեջ ինչ-որ բան «այն չէ». Մեզ զոռով նստացրել ու մի մեծ թատրոնի հանդիսատես են սարքել․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Վերջին տարիների բազմաթիվ հակամարտությունների ֆոնին մի տեսակ մոռացվեց աշխարհի ամենախորը հակամարտություններից մեկը՝ ամերիկա-բրիտանականը:

Օրերս ՄԹ նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակը հայտարարեց, որ չին-բրիտանական հարաբերություններում «ոսկե դարն» ավարտված է: Այդ ոսկե դարը սկսվել էր 2015 թվականի հոկտեմբերին, երբ դրա մասին հայտարարեց ՄԹ նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնը: Յոթ տարի գոյատևեց «ոսկը դարը»: Յոթ սարսափելի տարի, որի ընթացքում մեզ ինչ ասես հրամցրեցին իրականության փոխարեն:

Բնակչության մեծ մասը ենթագիտակցորեն սկսել է մերժել մեզ հրամցվող արհեստական իրականությունը, իսկ մի որոշ շերտ նույնիսկ կարողացել է գիտակցորեն գալ որոշակի եզրահանգումների այն մասին, թե որն է այն «դաժան» իրականությունը, որը քողարկելու համար մեզ հրամցնում են այս մատրիցան: Այնուամենայնիվ փազլում դեռ պակասող կտորներ կան: Մենք հասկանում ենք, որ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող պրոցեսների մեջ ինչ-որ բան «այն չէ», ինչ-որ տեղ տրամաբանության շղթան կտրվում է, ինչ-որ տեղ դերասաններն են թերանում, ինչ-որ տեղ դեկորացիաներն են անփույթ սարքված լինում, բայց բուն սյուժեն դեռ պարզ չէ: Մենք արդեն հասկանում ենք, որ մեզ զոռով նստացրել ու մի մեծ թատրոնի հանդիսատես են սարքել, բայց դեռ չենք հասկանում` ինչի մասին է բեմադրությունը:

Երբ ես գրեցի, որ ուկրաինական պատերազմն ուղղված է Չինաստանի իշխանության որոշակի թևի գլոբալ ամբիցիաները զսպելուն, շատերը թերահավատորեն վերաբերվեցին, սակայն շաբաթներ անց հենց այդ «շատերը» սկսեցին տիրաժավորել այդ միտքը քանզի դրա անհերքելիությունն ապացուցեց իրականությունը: Սրան զուգահեռ ես նաև թեզ առաջարկեցի, ըստ որի Վլադիմիր Պուտինի իշխանության առնվազն առաջին տաս տարին նվիրված էր ռուս-չինական համագործակցության սաբոտաժին, որի շրջանակներում նա ձերբակալեց Խոդորկովսկուն, հեռացրեց Կասյանովին և գծերից գցեց Ռուսաստանի Կոմկուսն ու աջակողմյան «լիբերալներին»: Պուտինի իշխանության երկրորդ տասնամյակում նա վերակենդանացրեց ռուս-չինական բոլոր այն նախագծերը, որ փորձում էին իրագործել Խոդորկովսկին և «կոմպանիան», ու առնվազն հրապարակավ քարոզում էր Չիանստանի հետ դաշինքի գաղափարը, սակայն պրակտիկայում ստեղծեց Չինաստանի համար դեռևս ամենալուրջ խնդիրները:

Այսինք փազլը հավաքելու համար հստակ պետք է գիտակցել, որ մեզ հրամցվող սցենարի մեջ դերասանները հաճախ խաղում են դեր խաղալու դերը: Եթե Չինաստանը հասկանալու համար պետք է ընկալել այն փաստը, որ այդ միակուսակցական երկրում իշխանությունը շատ հեռու է միատար լինելուց, որ այնտեղ կան բազմաթիվ բևեռներ, որոնք հաճախ իրար հետ գոյաբանական պայքարի մեջ են, ապա Ռուսաստանում կա մեկ բևեռ, որը ամփոփված է մեկ անձի մեջ, որը սակայն նույնպես միատար չէ: Եթե Չինաստանում պարբերաբար իրար են բախվում պայմանական շանհայյան լիբերալ ֆինանսիստներն ու պեկինյան պահպանողական ռազմական էլիտաները, ապա ՌԴ-ում 700 միլիոն դոլարով յախտա պատվիրող ու հարեմ պահող ցարը բախվում է ընտանեկան արժեքների համար մարտնչող, համեստ, լենինգրադյան փողոցային մի տղայի հետ:

Ընդ որում, եթե Չինաստանն ու Պուտինը իրենց ներքին հակասություններով հանդերձ առնվազն հրապարակավ ներկայանում են որպես մարտող կողմերի մի ճամբար, ապա սցենարիստները մեզ համոզում են, որ մյուս ճամբարում հավաքական արևմուտքն է: Արևմուտք, որի հավաքականությունը նույնպես ահագին հարցեր է հարուցում ու դրդում մեզ այն մտքին, որ այս ամենի մեջ ահագին արհեստականություն կա: Ու տվյալ պարագայում խոսքը ոչ թե Գերմանիայի ավանդական հակասությունների մասին է Բրիտանիայի հետ, այլ հենց բուն բիրտանական, անգլոսաքսոն աշխարհի ներսի հակասությունների մասին:

Որպեսզի հանդիսատեսը թմբիրից չզարթնի ու շարունակի կլանված հետևել բեմին զարգացող իրադարձություններին, այդ իրադարձությունները պիտի մեկ տրամաբանական շղթայով կապված լինեն: Բեմ դուրս եկող ամեն մի նոր կերպար պիտի կապված լինի նախորդ տեսարանի հետ: Մինչդեռ Բրիտանիայում մի քանի շաբաթում վարչապետի աթոռում երեք հոգի են հայտնվում ու ոչ մեկ չի բարեհաճում մեզ` բարեխիղճ հնդիսատեսներիս, փորձի գոնե ինչ-որ ձևական բացատրություն տա: Լավ, ասենք թե Բորիս Ջոնսոնը Բրեքզիթի ալիքի վրա դարձավ վարչապետ, բա խի՞ գնաց... ո՞նց գնաց... Լիզ Թրասը ո՞նց եկավ, խի՞ եկավ... ինչու՞ մի քանի շաբաթ հետո գնաց... Էս Սունակը ո՞նց եկավ... ու այս ամենն այն համատեքստում, որ ՄԹ-ում 12 տարի է իշխանություն չի փոխվել, հինգ վարչապետ է փոխվել, բայց իշխանությունում միշտ նույն կոնսերվատորների կուսակցությունն է եղել: Արանքում ինչ-որ դեկորատիվ բնույթի սկանդալներ էին դաշտ գցում` սեքս սկանդալներ, բյուջետային դեֆիցիտներ, բան..., բայց դրանք ոնց ակնթարթորեն հայտնվում էին, տենց էլ մարում էին` ենթադրաբար հենվելով հանդիսատեսի անուշադիր, ցրված ու սկլերոտիկ լինելու վրա:

Վերոհիշյալ «ոսկե դարի» ավարտը գուժող հայտարարությունն էլ վրիպեց շատերի ուշադրությունից, մինչդեռ հենց այդտեղ է թաքնված բազմաթիվ հարցերի պատասխանը: 2015-ի հոկտեմբերին արված Քեմերոնի այդ հայտարարությունը նվիրված էր Սի Ձինպինի պատմական այցին Լոնդոն: Սի Ձինպինը Չինաստանի ղեկավար էր դարձել Չինաստանի Ռազմական Խորհուրդի կողմից ստեղծված «մեկ գոտի, մեկ ճանապարհ» կոնցեպտի համար: Այդ ծրագիրը պետք է թույլ տար Չինաստանին վերջապես զուտ արտադրամասից դառնալ նաև արտահանող-մատակարարող և հետևաբար շուկա գրավող երկիր: Սա իր հերթին սպառնում էր անգլոսաքսոն դաշինքի ձեռքից խլել իրենց հզորության հիմնաքարը՝ համաշխարհային առևտրի վերահսկողությունը ծովային ուղիների վերահսկողության միջոցով: Չինաստանի այս ծրագիրը ցամաքային ճանապարհներով կապելու էր Չինաստանն իր ամենացանկալի շուկա հանդիսացող Եվրոպայի հետ: Ճանապարհը պիտի ունենար մի քանի ուղի, որից հիմնականը պիտի լիներ Ռուսաստան-Ուկրաինա-Հունգարիա-Ավստրիա-Գերմանիա տրանզիտը: Կային անշուշտ այլ ուղիներ Մերձբալթյան երկրներով, Բելոռուսով, Կովկասով և նույնիսկ մերձավոր արևելքով, բայց հիմնականը ռուս-ուկրաինականն էր:

Սակայն արի ու տես, որ «մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մեկնարկից շաբաթներ անց Ուկրաինայում հեղափոխություն է տեղի ունենում և իշխանության են գալիս արևմտամետները, Ռուսաստանն էլ դրան ի պատասխան մտնում Ղրիմն ու Դոնբասն է վերցնում: Այս ամենը շատ մեծ ու գեշ խաչ է քաշում Չինաստանը գլոբալ հեգեմոն սարքելու Սի Ձինպինի ծրագրի վրա: Հասկանալով խնդրի ակունքները` Ձինպինը 2015-ին մեկնում է Լոնդոն բանակցելու:

Բնական է Քեմերոն-Ձինպին բանակցությունների հիմնական առարկան առևտուրն էր, իսկ ավելի շուտ դրա ուղիները: Բրիտանիան առաջարկում էր Չինաստանին մոռանալ ցամաքային առևտրի կոնցեպտի մասին, դրա դիմաց առաջարկելով Պեկինին փայ տալ, ծովային առևտրի մեջ կրտսեր գործընկերոջ կարգավիճակով: Չինաստանը հակառակն էր առաջարկում. Ձինպինը Քեմերոնին առաջարկեց փայ մտնել Չինաստանի կողմից կառուցվելիք ցամաքային ճանապարհին, որտեղ արդեն ՄԹ-ն կլիներ կրտսերը: Իր առաջարկը Ձինպինը հիմնավորում է երկաթբետոնյա փաստարկներով: Նա ասում է, որ ճանապարհը միևնույն է սարքվելու է, Պուտինը, եթե պետք եղավ, ողջ Ուկրաինան խաղ ու պարով կգրավի այնպես, ինչպես դա արեց Ղրիմում: Գերմանիայում չինացիք արդեն փայ էին բոլոր խոշորագույն ռազմավարական կորպորացիաներում ու մեծ առումով դաշինքի մեջ էին Մերկելի հետ ու իր միջոցով ողջ ԵՄ-ի հետ, որի մաս էր կազմում նաև ՄԹ-ն... ոբշեմ, սաղ թամամ էր ու լինելու էր, անկախ նրանից Բրիտանացիք դրան համաձայն են, թե` ոչ:

Քեմերոնն ըստ էության ընդունում է Ձինպինի առաջարկը և որոշում է անդամակցել Պեկինի կողմից ստեղծված Ասիական Ենթակառուցվածքային Ներդրումների Բանկին, որը կոչված էր ֆինանսավորել հիշյալ ճանապարհի կառուցումը: Սրան զուգահեռ Բրիտանիայում թափ է հավաքում ԵՄ-ից դուրս գալու քարոզչությունը: Այսինքն` Լոնդոնը Քեմերոնի շուրթերով ընդունում էր Չինաստանի ուլտիմատումն ու համաձայնում էր դառնալ կրտսեր գործընկեր, իսկ մյուս կողմից նույն կուսակցության այլ դեմքերի միջոցով մի մեծ անակնկալ էր պատրաստում:

Սի Ձինպինի այցից ամիսներ անց ՄԹ-ում հանրաքվե է տեղի ունենում, որտեղ բնակչությունը արտահայտվում է ԵՄ-ից դուրս գալու օգտին: Սա փաստացի նշանակում էր, որ իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ Բրիտանիան այլևս կաղապարված չէր լինելու ԵՄ այլ անդամների հետ դիրքորոշում համաձայնեցնելու պարտադրանքով: Ոչ Հունգարիայի Օրբանը, ոչ էլ նույնիսկ Մերկելը (կամ իր ժառանգորդները) չէին կարողանա արգելափակել Լոնդոնի որոշումները, նու, ասենք թե օրինակ Ուկրաինային զենք մատակարարարելու որոշումը...

Դե Քեմերոնը, բնական է, ցավով ընդունում է, որ հանրաքվեի արդյունքներն իր սրտով չէին, ու որ նա ստիպված հրաժարական է տալիս ու աթոռը փոխանցում է իր մեկ այլ կուսակցի: Քեմերոնի փոխարեն գալիս է Թերեզա Մեյը, ով պիտի ԵՄ-ի հետ բանակցեր դուրս գալու պայմանները, բայց տապալվում է եվրոպական բյուրոկրատական քաշքշուկի մեջ ու իր պաշտոնը զիջում է Բորիս Ջոնսոնին (նույն պահին ԱՄՆ-ում նախագահ է դառնում Թրամփը): Ջոնսոնը գալիս է, անմեղսունակ ձևանալով, քրթով կտրում է ԵՄ-ին կապող պորտալարն ու ոտքը դնում «գազին»: «Գազը» տվյալ պարագայում օրինակ «AUKUS» կոչեցյալն էր, որը միտված էր Արևելյան Ասիայում Չինաստանի շուրջ ստեղծել ՆԱՏՕ-ի կրկնօրինակը` Ավստրալիայի, Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հիման վրա:

Եվրոպական ճակատում Ջոնսոնը ակտիվացնում է շփումները Զելենսկու հետ: Փորձագիտական մակարդակով սկսում են քարոզել Ուկրաինային ՆԱՏՕ անդամ դարձնելու թեզը: Ընդեղից Մոսկվան է կպնում թատրոնին, արևմուտքին ուլիտմատում են առաջադրում, պահանջում են, որ ՆԱՏՕ-ն հետ քաշվի 97 թվի սահմաններին: Բնական է ՆԱՏՕ-ն շատ ամբարտավան կերպով պասլատ է անում Մոսկվային: Մոսկվային այլ ելք չի մնում, քան կրկնել Ղրիմի գրավումը, բայց արդեն ողջ Ուկրաինայի մասշտաբով, համենայնդեպս դա է զեկուցվում չինացիքին:

Ռուսները մտնում են Ուկրաինա, անցնում է մի քանի օր Զելենսկին բողոքում է Եվրոպական գործընկերներից իրեն չօգնելու համար ու գովում Ջոնսոնին արագ արձագանքելու համար: Եվրոպացիք հասկանում են, որ Չինական պրոյեկտը տապալվել է ու մանրից սկսում են օգնել Ուկրաինային: Դա անում են բոլորը բացի Հունգարիայից:

Ուկրաինական բանակի քաջարի դիմադրության կիզակետում Լոնդունում մի շարք անբովանդակ դեղին մամուլային սկանդալների պատճառով Բորիս Ջոնսունը հրաժարական է տալիս: Բովանդակային մասով իր հրաժարականից մեկ շաբաթ առաջ նա հայտարարեց, որ ՄԹ պաշտպանական բյուջեն հասցնելու է ՀՆԱ-ի 2,5%-ի: Ջոնսոնին փոխարինած Թրասը, մի քանի շաբաթ դիմանալով, նույնպես հրաժարական է տալիս, քանի որ ներդրողները կտրուկ թերահավատ են դառնում ՄԹ բյուջեյի կատարողականի վերաբերյալ: Բանն այն է, որ այդ մի քանի շաբաթվա ընթացքում Թրասը հասցնում է խոստանալ ՄԹ ՊՆ բյուջեն հասցնել ՀՆԱ-ի 3%-ի (այսինքն ԱՄՆ-ի հետ համադրելի չափի):

Հրաժարականների այս շարքից հետո գալիս է Ռիշի Սունակն ու հայտարարում, որ կրճատելու է ՄԹ պաշտպանական ծախսերը... իսկ Զելենսկին Ջոնսոնի հրաժարականից անմիջապես հետո հեռացնում է ԱԱԾ-ի պետին ու գլխավոր դատախազին և Սունակի նշանակվելուն պես նստում է ինքնաթիռ ու մեկնում է ոչ թե Լոնդոն, այլ Վաշինգտոն: Վաշինգտոնն էլ աստիճանաբար իր ձեռն է վերցնում Ուկրաիանական բանակի մատակարարման հիմնական լծակներն ու դրան զուգահեռ Բայդենը հանդիպում է Ձինպինին: Հանդիպումից հետո Չինաստանը հայտարարեց, որ միջուկային զենք կիրառելու սպառնալիքները անընդունելի են ու դադարեց ՌԴ-ին մի շարք բարձ տեխնոլոգիական ապրանքների մատակարարումը, իսկ Թայվանի հարցը դուրս եկավ միջազգային մամուլի օրակարգից:

Ջոնսոնի հրաժարականն ըստ էության նշանակում է, որ Լոնդոնի փորձերը, Չիանստան-ԱՄՆ հակամարտության վրա հենվելով, Չինաստանի կրտսեր գործընկերի փոխարեն դառնալ ԱՄՆ-ի հավասար պարտնյոր, տապալվեցին: ԱՄՆ-ն ցույց տվեց, որ իրեն հավասար գործընկերներ, առավել ևս մրցակիցներ ՆԱՏՕ-ի ներսում պետք չեն, ընտրելու դեպքում էլ կընտրի Չինաստանին, ոչ թե Բրիտանիային: Բրիտանիան էս պահին կարող է շատ-շատ Էրդողանի հետ գործընկեր լինել, այն էլ մինչև ԱՄՆ-ն դրա վերջն էլ չտա:

Հ.Գ. Ջոնսոնի հրաժարականի վերջին հրապարակային կաթիլն արտահսոքն էր, որը ցույց էր տալիս Ջոնսոնի կապը ռուս ԿԳԲ-շնիկ Լեբեդևի հետ:

Արթուր Դանիելյան