Մենք իտալացի աղջկա երգի կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան

Այո, դա մեր պատմությունն է, մենք միշտ պիտի հիշենք այդ երգը, բայց, ժողովուրդ, մենք առաջ ենք գնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ օրհներգի փոփոխության իր առաջարկն ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր:

«Գործող օրհներգն, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով չէ։ Այլ հարց է, որ մեկը Արամ Խաչատրյանինն է հավանում, օրինակ՝ ես, եւ դրա հիմնավորումները ունեմ, եթե պետք է կներկայացնեմ։ Մեկը Շառլ Ազնավուրի տարբերակն է առաջարկում, մեկը՝ Տիգրան Մանսուրյանի, բայց մի բան միանշանակ է. մենք կոնսենսուս՝ գործող օրհներգի հետ կապված, չունենք»,– նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հաշվի առնելով բոլոր կարծիքները՝ ձգտում է գտնել միջանկյալ տարբերակ։

«Այսինքն, դա գործընթաց է, որ արդեն սկսել եմ։ Հենց վերջնական տարբերակի բերվի, ես դա հանրությանն ու ձեզ կներկայացնեմ։ Դա չի ենթադրում պետական, Ազգային ժողովի շենքի, կամ խմբակցության հետ գործառույթներ՝ բացի, էթիկայի եւ գործընկերության մթնոլորտից ելնելով, տեղյակ պահել եւ քննարկել»,-ասաց նա:

Դրոշի փոփոխության առաջարկի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ շատերը վերնագրից ավելին չեն կարդում։

«Գրվում է մի հոդված եւ բոլոր լրատվամիջոցները (մի–երկուսից բացի) վերցնում են հոդվածի հետգրությունը, որը սմայլիկներով էր, եւ դա դնում են՝ որպես վերնագիր։ Մեր համաքաղաքացիները ինֆորմացիայի շատ լինելու պատճառով հիմնականում վերնագիր եւ նկարն են նայում եւ սկսում են քննարկել, թե ինչ է գրված  հոդվածի մեջ։ Եվ որեւիցե բան չեն կարդում, եւ դա լավ չի։ Դա եղել է սարկազմ, որի իմաստը եղել է հետեւյալը. որ դուք տեքստ չեք կարդում, եւ յուրաքանչյուր հարց կարելի է քննարկման դնել եւ այդ հարցի շուրջ խոսել։ Ես խոսում եմ քննարկումների մասին, որովհետեւ համարում, որ ՀՀ–ում չքննարկվող հարց այլեւս չի լինելու»,– ասաց նա։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ իր սարկազմը չէր վերաբերվում պետական խորհրդանիշին, այլ որեւէ բան չքննարկելուն։ «Բայց բոլորը վերցրին այդ հետգրությունը, դրանից եզրակացություններ արեցին, ես նման բան չեմ առաջարկել, ես կարծում եմ, որ ՀՀ դրոշը միգուցե ամենալավը չի, բայց իմ համար բավարար է եւ լավն է»,– նշեց նա։

Այն դիտարկմանը, որ թերեւս, մեր երկրի կարեւորագույն խնդիրներից չէ օրհներգը փոխելը՝ պատգամավորն ասաց. «Միանշանակ Հայաստանում կան հազարավոր շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Բայց միանշանակ այդ խնդիրները միշտ լինելու են։ Պատմության մասին խոսելիս մենք պիտի հիշենք, որ ունեցել ենք Կոմիտաս Վարդապետ, ով բազմաթիվ խնդիրների ներքո ծնված լինելով Թուրքիայում, զբաղվել է հայկական երաժշտությունը համաշխարհայինից տարանջատելով, ինչպես նաեւ ստեղծել է շարականներ։ Հետագայում Արամ Խաչատրյանը ընդվզել է Սովետական միության դեմ, եւ գրել է քրիստոնեական շարական. «Քրիստոս մեր մեջ հայտնեցավ»։ Այդ ամենը մենք չպիտի անտեսենք եւ իտալացի աղջկա երգը՝ որպես օրհներգ վերցնենք։ Մենք իտալացի աղջկա երգի կարիքը չունենք։ Այո, դա մեր պատմությունն է, մենք միշտ պիտի հիշենք այդ երգը, բայց, ժողովուրդ, մենք առաջ ենք գնում»,– ասաց նա։