Կհրապարակվեն Սելինջերի անհայտ գործերը

Գրողի ընտանիքը առաջիկա տարիներին լույս կընծայի մի շարք ստեղծագործություններ

«Փրկիչը տարեկանի արտում» հանրահայտ վեպի գրքի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը պատրաստվում է առաջիկա տարիներին լույս ընծայել հեղինակի անհայտ ստեղծագործությունները: Այս մասին հաղորդում է «The Guardian»-ը:

1951 թվականին «Փրկիչը տարեկանի արտում»  ստեղծագործության գլխապտույտ հաջողությունից հետո, Սելինջերը մեկուսացած կյանքով է  ապրել: Նա մահացել է 2010 թվականին: Երկար տարիներ խոսվում էր այն մասին, որ գրողը մահից հետո չհրատարակած բազմաթիվ գործեր է թողել: Նրա որդին` Մեթը, հաստատել է, որ հայրը այդ տարիների ընթացքում չի դադարել գրել:

«Նա ցանկանում էր, որ ես հավաքեմ իր բոլոր գործերը: Իմանալով  աշխատանքների մասշտաբները` հայրս հասկանում էր, որ դրանք հավաքելը երկար ժամանակ կպահանջի: Հենց ավարտեմ այդ գործը,  մենք  կհրապարակենք դրանք»,-նշել է Մեթը: