Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան մրցեց Մարոկկոյի հետ (F խումբ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Բելգիան տիրում էր նախաձեռնությանը և իրար հաջորդող պահեր ստեղծում: Սակայն չէր իրացնում դրանք: Վիճակագրությամբ էլ գնդակին առավել շատ տիրում, դիպուկ փոխանցումներ էին կատարում բելգիացի ֆուտբոլիստները:
Մարոկկոյի հավաքականն օգտագործեց իր բացառիկ հնարավորություններից մեկը և առաջին կեսի ավելացված րոպեին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը VAR համակարգով վերանայելով խաղային իրավիճակը` այն չեղարկեց: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական՝ ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում Մարոկկոն ավելի «լավ տեսք» ուներ` գրոհում էր, կառուցողական խաղ ցուցադրում: Եվ նմանատիպ մի իրավիճակում` ստանդարտ դիրքից, Մարոկկոն կրկին գրավեց Բելգիայի դարպասը: Աչքի ընկավ Աբդելհամիդ Սաբիրին: Հանդիպման ավելացված րոպեին Մարոկկոն խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Զաքարիա Աբուխլալը: Այսպիսով, Բելգիա-Մարոկկո խաղն ավարտվեց 0:2 հաշվով:
Մարոկկոն 4 միավորով խմբի առաջատարն է: 3 միավոր ունի Բելգիան: Մեկ միավոր է վաստակել Խորվաթիան, Կանադան միավոր չունի: Նոյեմբերի 27-ին ժամը 20։00-ին կկայանա Խորվաթիա-Կանադա հանդիպումը:
F խմբում վերջին տուրում Բելգիան կխաղա Խորվաթիայի, իսկ Մարոկկոն` Կանադայի հետ: Այդ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 1-ին:
0Comments