Ես համարում եմ եւ դեռ նախկինում էլ բարձրաձայնել եմ, որ 3 տարուց հետո ռուս խաղաղապահները դուրս են գալու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին Սամվել Բաբայանը:
«Չնայած բոլոր այն հայտարարություններին, որ իրենք դուրս չեն գալու, իրենք ամեն գնով պահելու են Արցախը եւ այլն, ես համարում եմ, որ դա իրականությունից շատ հեռու է: Այն շահերը, որ ունի Ռուսաստանն այսօր Թուրքիայի հետ, Ադրբեջանի տարածքով եւ այլն, եւ այլն, գնալու է այդ զիջումներին էլի մեր հաշվին, դրա համար նախապես ասում եմ, որ մերոնք խելքի գան եւ այդ խնդիրները այլ տեսանկյունով, այլ ձեւով լուծեն»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով` Ռուսաստանը ասում էր, որ Ղարաբաղի խնդիր կա, պետք է այն լուծել, սակայն Ադրբեջանը ասաց, որ Ղարաբաղի հարցը երկու տարի առաջ է լուծվել, ինչին Ռուսաստանից չհակադարձեցին:
«Ռուսաստանը ինչ-որ տնտեսական շահեր ունի, որը գերադասելու է, քան թե ինչ-որ Ղարաբաղի հարցը»,- նշեց նա:
Հարցին՝ արդյո՞ք խաղաղապահների դուրս բերումը չի նշանակի դուրս գալ Կովկասից, Բաբայանը ասաց․
«Այդ մենք ենք համարում դուրս գալ Կովկասից, իրենք Հայաստանը համարում են, որ իրենցն է և Ղարաբաղից դուրս գալով՝ Կովկասը չեն կոցնում»։
Բաբայանի կարծիքով` Արցախի հայկական մնալու ճանապարհն այն է, որ պետք է ինքնուրույն սեփական պաշտպանություն, տնտեսություն ստեղծել Արցախում. «Սա է մեր ճանապարհը եւ միջազգային դատարաններով պետք է մաքսիմալ ինքնուրույնության հարց լուծել»:
0Comments