Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին հարցին:
Ինչու՞ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, ի՞նչ խնդիր կա՞ և հնարավո՞ր է այն հարթվի, հարցին Մելիքբեկյանը պատասխանել է․
«Ես չեմ կարծում, թե խնդիրը կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման:
Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Հենրիխ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը»:
Մելիքբեկյանը նաև տեղեակցրել է, որ որոշման մասին դեռ չի խոսել։
Ֆուտբոլի ֆեդերացիան պատրա՞ստ է կատարել առաջին քայլը ու այս թեմայով զրուցել Հենրիխի հետ:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար»,-ասել է ՀՖՖ նախագահը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի մարտի 3-ին պաշտոնապես հայտարարել էր միջազգային կարիերայի ավարտի մասին:
0Comments