Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով այսօր Օմանում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլի արդյունքներին:
«Բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Օմանի Մասկատ քաղաքում: Մենք շնորհակալ ենք Օմանի կառավարությանը, մասնավորապես՝ պատվարժան արտգործնախարար Բուսաիդիին, բանակցությունների գերազանց կազմակերպման և առանց լրագրողների ներկայության հանգիստ մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ տվեց բանակցություններն արդյունավետ անցկացնել:
Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը։ Աստիճանաբար մենք անցանք ավելի մանրամասն, տեխնիկական բնույթի քննարկումների։
Այս փուլում փորձագետների ներկայությունը շատ արդյունավետ էր, և մենք մի քանի անգամ գրավոր փոխանակվեցինք մեր դիրքորոշումներով»,- ասել է Արաղչին։
Նա հավելել է, որ Վաշինգթոնի հետ ընթացող բանակցությունները հույս են ներշնչում, որ հնարավոր է առաջընթաց գրանցել:
«Իրանական կողմը լիահույս է, բայց՝ չափազանց զգուշավոր: ...Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից։ Երկու կողմերն էլ լրջություն են ցուցաբերում»,- ասել է Արաղչին։