2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրված համաձայնագրով բիոմետրիկ տվյալների հավաքագրման, անձնագրերի տպագրության և տրամադրման համակարգը փոխանցվում է օտար կառույցի՝ ֆրանսիական կոնսորցիումի վերահսկողության ներքո՝ նորաստեղծ «HAYPASS» օպերատորի միջոցով։
Այս որոշումը ներկայացվում է իբր վարչարարական բարեփոխում և տեխնիկական առաջընթաց, սակայն իրականում այն պետք է դիտարկել ազգային ինքնիշխանության ենթակառուցվածքների համակարգված թուլացման և օտար վերահսկողության զիջման տրամաբանության մեջ:
Ի՞նչ է իրականում տեղի ունենում
• Հայ ժողովրդի ամենազգայուն տեղեկատվությունը՝ բիոմետրիկ տվյալները, դրվում են օտար կառույցի տնօրինության ներքո։
• Հայաստանը հրաժարվում է իր պետական իրավասությունից պաշտպանելու սեփական քաղաքացիների ինքնությունը և անձնական անվտանգության տվյալները։
• Այս քայլը պայմանավորված է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի լիբերալացման խոստումներով, սակայն առանց ամուր իրավական երաշխիքների և անվտանգության մեխանիզմների։
Այս իրավիճակում Հայաստանը հայտնվում է լրջագույն սպառնալիքի առաջ, որովհետև.
Ա) Տվյալների կառավարման լծակները դուրս են գալիս ազգային վերահսկողությունից։
Բ) Ցանկացած քաղաքական ճնշման դեպքում երկիրը չի կարողանա ամբողջությամբ պաշտպանել իր քաղաքացիներին։
Գ) Հայաստանը միջազգային ասպարեզում կորցնում է սուբյեկտային դիրք՝ դառնալով տեխնոլոգիական և քաղաքական կախվածության օբյեկտ։
Հայաստանը միայնակ չէ այս սխալի ճանապարհին. բազմաթիվ երկրներ արդեն անցել են այս փուլի միջով և ծանր հետևանքներ են կրել.
• Ուկրաինա. Բիոմետրիկ համակարգերի օտար վերահսկողությունից հետո պետական տվյալների մասշտաբային արտահոսք և անվտանգության ճգնաժամ։
• Վրաստան. ՏՏ ենթակառուցվածքների օտարացումից հետո կիբեռանվտանգության լիարժեք կորուստ։
• Կոսովո. Անձնագրային և ինքնության համակարգերի արտաքին կառավարում և ինքնիշխանության սահմանափակում։
• Աֆղանստան. ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պետական տվյալների անցում թշնամական ուժերի՝ «Թալիբան»-ի ձեռքը։
• Սենեգալ, Նիգեր, Չադ. Ֆրանսիական կառույցների կողմից անձնագրային բազաների վերահսկում և ընտրական գործընթացների մանիպուլյացիա։
• Բոսնիա և Հերցեգովինա. Անձնագրային համակարգերի արտաքին մասնակցություն և քաղաքական ճնշումներ։
• Հոնդուրաս, Մոլդովա. Օտար հովանավորությամբ համակարգերի արդյունքում տվյալների վերահսկման կորուստ։
• Սկզբում խոստանում են տեխնիկական զարգացում և աջակցություն։
• Հետո դրվում են քաղաքական պայմաններ։
• Վերջում կորցվում է ազգային վերահսկողությունը՝ երկրի ինքնիշխանության և պետական անվտանգության հաշվին։
Հայաստանի նման փոքր, սահմանային և արտաքին վտանգների ենթակա պետության համար սեփական բիոմետրիկ տվյալների և անձնագրային համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողության կորուստը ուղիղ հարված է պետականության հիմքերին։
• Առանց տեղեկատվական և կենսաբանական ինքնավարության, պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։
• Օտար կառույցներին տեղեկատվության փոխանցումը հետագայում կարող է օգտագործվել քաղաքական ճնշման, տեղեկատվական մանիպուլյացիաների և արտաքին վերահսկողության հաստատման նպատակով։
• Հայաստանը կարող է կորցնել իր սուվերեն որոշումների կայացման հնարավորությունը՝ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում։
Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, իբր կարճաժամկետ դիվանագիտական կամ տնտեսական արդյունքների հասնելու նպատակով, իրականում քայլ առ քայլ հանձնում է Հայաստանի ազգային ինքնիշխանության հիմնասյուները։
Սա ժամանակավոր վիզային դյուրացման կամ հարաբերական տեխնիկական բարելավումների դիմաց իրականացվող ռազմավարական կապիտուլյացիա է։
Պետականությունը չի կարող պահպանվել՝ զիջելով այն ամենը, ինչով պետությունն իրականում պետություն է։
Ինքնիշխանությունը չի վաճառվում և չի փոխանակվում ժամանակավոր քաղաքական շահերի դիմաց։
Հայաստանը պարտավոր է պահպանել և ամրապնդել իր ինստիտուցիոնալ ինքնությունը՝ պաշտպանելով սեփական քաղաքացիների իրավունքները, տվյալները և ազգային անվտանգությունը։
Հենրիխ Դանիելյան