Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանել է ռուսաստանցի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովի սպառնալիքները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Գուրուլյովի Պետդումայի պատգամավոր դառնալու փաստը նրան ավելի խելացի չի դարձրել։ Ռուսաստանցի զինվորականներից շատերին թվում է, թե գլխարկ դնելու համար միայն գլուխ է պետք։
Կովկասի աշխարհագրական պայմանները գործնականում անհնար են դարձնում Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունները։ Բացեք քարտեզը և տեսեք. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանն անցնում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայով։ Ինչպե՞ս եք այնտեղ ինչ-որ հատուկ գործողություն անցկացնելու։ Կամ դեսանտային գործողություն Ադրբեջանի ափին։ Ձեզանից միայն կտորտանք կմնա»,- հայտարարել է Մուսաբեկովը ադրբեջանական Baku TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատգամավորի պնդմամբ՝ ադրբեջանական բանակը զգալիորեն գերազանցում է Կովկասում տեղակայված ռուսական զորքերին և ունակ է արդյունավետորեն պաշտպանել երկիրը։
«Ադրբեջանական բանակը պրոֆեսիոնալ ուժ է, այլ ոչ թե դատապարտյալների խումբ, ինչպես որոշ ռուսական ստորաբաժանումներում»,- հայտարարել է Մուսաբեկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Ադրբեջանին ակնարկել էր ռազմական ներխուժման հնարավորության մասին՝ ի պատասխան Բաքվի կողմից Ուկրաինա 2 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ուղարկելու որոշման։
«Հատուկ ռազմական գործողությունը առաձգական հայեցակարգ է։ Առաձգական Ռուսաստանի Դաշնության ամբողջ սահմանի երկայնքով»,- հայտարարել է Գուրուլյովն իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։
«Շատ մեծ խելքի պատճառով չեն նրանք փչացնում հարաբերությունները Ռուսաստանի նման մեծ հարևանի հետ։ Եթե Ռուսաստանի ցուցափեղկերում Ադրբեջանից ապրանքներ չլինեն, մեզ համար ոչինչ չի փոխվի, բայց նրանց համար շատ բան կփոխվի։ Եվ եթե մենք նաև կսմթենք տեղացի տղաներին, ովքեր այստեղ ինչ-որ բիզնես են անում, ապա շատ բան կփոխվի»,- հավելել է ռուսաստանցի պատգամավորը։