Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին
Հունիսի 09, 2025

Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին

Երևանում բացօթյա հանգստի սեզոնը վաղուց է սկսվել։ Այնինչ մայրաքաղաքի որոշ հայտնի զբոսայգիներում օձեր են հայտնաբերվել, որոնց գոյության մասին քչերն են կասկածում։ Ինչպես անվտանգ հանգստանալ բնության գրկում, և ինչ անել օձի խայթոցի դեպքում՝ մեր հոդվածում։

Բուսաբանական այգին, Մարզահամերգային համալիրի հարակից այգին, Ջրվեժի անտառը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից են զբոսանքների և բացօթյա հանգստի համար: Այնինչ այս բոլոր այգիներում օձեր կան։

Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ պետք չէ այգիներ գնալ, բայց օձի հետ հանդիպմանը պատրաստ լինելը չի խանգարի, նույնիսկ եթե հավանականությունը շատ փոքր է:

Змея на улице Царава Ахбюра в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025

Մայրաքաղաքի կանաչ գոտիներում և շրջակայքում հանդիպում են ոչ թունավոր օձեր, լորտուներ, ինչպես նաև Հայաստանի ամենամեծ և ամենաթունավոր սողունը՝ գյուրզան: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 22-24 տեսակի օձ, որոնցից միայն 4-ն են թունավոր։

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը պարզաբանում է, որ սողունները, որպես կանոն, խուսափում են մարդու հետ հանդիպումից: Նրանք հարձակվում են միայն այն դեպքում, երբ մարդը նրանց անակնկալի է բերում՝ թաքնվելու հնարավորություն չթողնելով։ Նրանք կարող են նաև ագրեսիա ցուցաբերել իրենց տարածքը կամ սերունդը պաշտպանելու համար:

Մասնագետը նախազգուշացնում է, որ օձերն առավել ագրեսիվ են զուգավորման շրջանում, որը տևում է մարտից մինչև մայիս (վատ եղանակը և հաճախակի անձրևները կարող են երկարացնել այս ժամանակահատվածը մինչև հունիսի սկիզբ):

«Եթե տարածքը ծածկված է խիտ բուսականությամբ, նախքան դրա մեջ մտնելը մի քանի անգամ ոտքը գետնին խփեք։ Օձերը խուլ են, բայց հիանալի զգում են վիբրացիան և շտապում են թաքնվել: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք երեխաներին ցատկել կիրճերի մոտի քարքարոտ մասերով, շրջել քարերը, մտնել չոր տերևների, խոտի դեզի մեջ. սրանք գյուրզայի սիրելի վայրերն են»,-ասում է նա։

Պիպոյանն ընդգծում է, որ Բուսաբանական այգում գյուրզայի հանդիպելու հավանականությունը չնչին է, բայց չի կարելի բացառել, որ այնտեղ գյուրզաներ ապրում են։ 

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Խայթել կարող են ինչպես թունավոր, այնպես էլ ոչ թունավոր օձերը, ուստի շատ կարևոր է տարբերակել խայթոցների տեսակները: Թունավոր օձի խայթոցի դեպքում մաշկի վրա երկու մեծ, խորը, կարմիր բշտիկ է մնում` թունավոր ատամների հետքեր: Այս դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել հիվանդանոց։ 

«Կարևոր է իմանալ, որ գյուրզայի խայթոցը մահացու է, և եթե ժամանակին բժշկական օգնություն չտրամադրվի, մարդը չի փրկվի։ Ցանկացած հակահիստամիններն ու քսուքներն այստեղ բացարձակ անօգուտ են։ Միակ ճիշտ գործողությունը մարդուն շտապ հիվանդանոց հասցնելն է։ Ընթացքում պետք է տուժածին շատ ջուր տալ և հաճախ դատարկել միզապարկը, քանի որ թույնն առաջին հերթին արգելակում է երիկամները»,-զգուշացնում է մասնագետը։ 

Մեկ ժամվա ընթացքում շիճուկի ներարկումը 99 տոկոս դեպքերում փրկում է տուժածին։ Եթե մեկ ժամից ավելի է անցել, արդեն անհրաժեշտ է մի քանի օր շարունակ օրգանիզմը մաքրել ֆիզլուծույթով։

Примеры укусов ядовитых и неядовитых змей - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
 

Ոչ թունավոր օձի խայթոցի հետքը ցանի է նման։ Սովորաբար խայթոցի տեղում այտուց է հայտնվում, որն անցնում է օրվա ընթացքում։ Հազվագյուտ դեպքերում ոչ թունավոր օձի խայթոցը կարող է գլխապտույտ և նույնիսկ հալյուցինացիաներ առաջացնել, բայց դա կյանքի համար վտանգ չի ներկայացնում:

Վտանգավոր կարող է լինել օձի ատամներից փոխանցվող վարակը, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս վերքերից սեղմել-հանել արյունը։ Զգոն պետք է լինեն հատկապես ալերգիկները, քանի որ նրանց համար հետևանքները կարող են շատ ծանր լինել:

Ի դեպ, թունավոր օձի խայթոցից հետո արյունը ֆիզիկապես հնարավոր չէ քամել, քանի որ թույնի ազդեցությամբ այն անմիջապես մակարդվում է, ուստի անօգուտ փորձերը կարող են միայն վնասել: Երկու դեպքում էլ խայթոցները շատ ցավոտ են, և դրանք անհնար է չզգալ: 

Օձի խայթոցի դեպքերը Հայաստանում անցած և ընթացիկ տարում

ԱԻՆ-ից մեզ տրամադրած վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի ստացվել է օձերի հետ կապված 199 կանչ։ Գերատեսչության աշխատակիցները հայտնաբերել են 111 օձ, որոնցից 28-ը՝ թունավոր։ Արձանագրվել է նաև խայթոցի 16 դեպք։

Այս տարի ԱԻՆ-ում ստացվել է արդեն 251 ահազանգ, 129 դեպքում մասնագետները հայտնաբերել են սողուններին: Նրանցից 32-ը թունավոր են եղել։ Խայթոցի 8 դեպք է գրանցվել։

Բարեբախտաբար, ո՛չ անցած, ո՛չ էլ այս տարի օձի խայթոցներից մահեր չեն գրանցվել։

Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում, ապա Կոտայքում, Արարատում և Արմավիրում: Խայթոցի 8 դեպքից 4-ը եղել են Վայոց Ձորի մարզում, 2-ը՝ Տավուշի մարզում, 1-ական դեպք՝ Երևանում և Արագածոտնում:

Պատահականության սկզբունքով զանգահարել ենք Հայաստանի, մասնավորապես՝ Եղեգնաձորի, Արտաշատի և Կապանի բժշկական կենտրոններ՝ պարզելու, թե որքանով են նրանք պատրաստ օձի խայթոցների դեպքերին: Այս բոլոր հիվանդանոցներից մեզ հայտնեցին, որ պոլիվալենտ շիճուկն առկա է։ Ի դեպ, դրա պիտանելիության ժամկետը մոտ մեկ տարի է, իսկ գինը բավականին բարձր է՝ մեկ չափաբաժնի համար 120-150 հազար դրամ (300-390 դոլար)։ 

Մի՛ սպանեք օձերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով օձերի նկատմամբ տարածվող վախի և ագրեսիայի կապակցությամբ: Կարևոր է հիշել, որ սողունները էկոհամակարգի կարևորագույն բաղկացուցիչ են, քանի որ հենց նրանք են վերահսկում վնասատուների քանակը և օգնում պահպանել բնական հավասարակշռությունը:

«Ոչ բոլոր օձերն են վտանգավոր, իսկ Հայաստանում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Բայց մարդիկ մարդիկ հաճախ սպանում են բոլոր օձերին՝ առանց տարբերակելու»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը խորհուրդ է տալիս օձի հետ հանդիպելիս խուճապի չմատնվել և դիմել արտակարգ իրավիճակների նախարարություն:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 08 Հունիսի 2025 13:25

Լրահոս

Ֆոտո

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղում. վիրավորների մեջ կին պարեկ կա

Բագրատ Սրբազանը հանդիպում է Միքայել Սրբազանին. Տեսանյութ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Մասկի հայրը ժամանել է Մոսկվա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. կրկին տեղումներ են սպասվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներ

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը․ Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

Թրամփի վարչակազմը սպառնացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը