Ուկրաինացի պաշտպանները ռուսաստանյան Սու-57 ինքնաթիռ են խոցել Ռուսաստանի տարածքում։ Սա Ռուսաստանի ամենաժամանակակից կործանիչն է, գրում է РБК-Украина-ն։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը (ՀԳՎ) հայտնել է, որ Ռուսաստանում Սու-57 բազմանպատակային կործանիչն առաջին անգամ հարձակման է ենթարկվել։ Դա տեղի է ունեցել Աստրախանի շրջանի Ախտուբինսկի օդանավակայանի տարածքում՝ մարտական գծից 589 կիլոմետր հեռավորության վրա։
ՀԳՎ-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել։ Դրանց վրա կարելի է տեսնել, որ հունիսի 7-ին Սու-57-ը կանգնած է եղել օդանավակայանի տարածքում, իսկ արդեն հունիսի 8-ին դրա մոտ հայտնվել են պայթյունի խառնարաններ և բնորոշ հրդեհային բծեր։ Սա Սու-57-ի խոցման առաջին հաջող դեպքն է լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր, գրում է ուկրաինական լրատվամիջոցը։
Սու-57-ը ռուսաստանյան բազմանպատակային կործանիչ է։ Ռուսաստանը այն դասում է հինգերորդ սերնդի կործանիչների շարքին։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ Սու-57-ը փաստացի բնութագրերով չի հասնում հինգերորդ սերնդին։
Ինքնաթիռը նախատեսված է բոլոր տեսակի օդային թիրախները, թշնամու ցամաքային և վերգետնյա նպատակակետերը ոչնչացնելու, օդային տարածքը երկար հեռավորության վրա վերահսկելու, թշնամու շտաբը, հրամանատարական կետերը և հակառակորդի գործընթացների կառավարման համակարգերը շարքից հանելու համար:
Սու-57-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարին։ 2019 թվականին Ռուսաստանը հայտարարել է այդ ինքնաթիռների սերիական արտադրության մեկնարկի մասին, իսկ 2020 թվականին թողարկվել է առաջին սերիական Սու-57-ը։
Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների անունները: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 6 թեկնածու, որոնց թույլատրվել է մասնակցել քարոզարշավին, գրում է Mehr գործակալությունը:
Մասնավորապես, արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Մասուդ Պեզեշիանը, Մոստաֆա Փուր Մոհամմադի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին:
Նախագահական ընտրությունների օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի այսօր և կշարունակվի մինչև ընտրություններից 24 ժամ առաջ։
Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով, կանցկացվեն հունիսի 28-ին:
Չինաստանի կայսր Շի Հուանգի դամբարանում հայտնաբերվել է 16 տոննա կշռող սարկոֆագ՝ լի գանձերով։ Այն կարող էր պատկանել նրա որդուն՝ արքայազն Գաոյին, Թերթի փոխանցմամբ՝ հայտնում է Arkeonews-ը։
Ցին Շի Հուանգը Չինաստանի առաջին կայսրն էր, որը կառուցել է տերակոտե բանակ՝ վեց հազար իրական չափի մարտիկի արձաններ: Դրանք գտնվում են աշխարհի ամենամեծ դամբարանում՝ զբաղեցնելով 56 քառակուսի կիլոմետր տարածք։ Այստեղ հայտնաբերվել է նաև Պեկինի Արգելված քաղաքի մեկ քառորդի չափով հսկայական պալատ։
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են 16 տոննա կշռող սարկոֆագ, որը գտնվել է 16 մետր խորության վրա։ Հին չինացի պատմաբան Սիմ Ցիանի գրառումների համաձայն՝ Գաոն խնդրել է եղբորն իրեն ուղարկել հոր մոտ։ Ենթադրյալ Գաոյի սարկոֆագում գիտնականները հայտնաբերել են զենքեր, զրահ, նեֆրիտ, մի զույգ ոսկյա և արծաթյա ուղտեր, սպասք և 6,000 բրոնզաձույլ մետաղադրամ։
Սակայն գիտնականները չեն բացառում, որ իրականում գտել են ոչ թե արքայազն Գաոյի, այլ ինչ-որ բարձրաստիճան ազնվականի կամ հրամանատարի սարկոֆագը։
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանն ուղերձով դիմել է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներին և գործընկերներին՝ նշելով, որ շարժումն աջակցություն ունի ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ սփյուռքում:
Նա հիշեցրել է, որ շարժումը ձևավորվել է ի պատասխան ՀՀ ղեկավարության՝ Ադրբեջանին միակողմանի և անհիմն զիջումների, որոնք, ըստ Բագրատ Սրբազանի, սպառնալիք են երկրի անվտանգությանը:
«Դիմում եմ մեր գործընկերներին՝ մենք պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, ինչն առավել քան արդացված է՝ հաշվի առնելով, որ ներկայիս կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը՝ խախտելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը: ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հիմնված է ստի վրա, խախտում է գործընթացների տրամաբանությունը, հակասում է Սահմանադրությանը և օրենքներին՝ նորանոր սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի անվտանգության համար: Շարժման նախաձեռնողները և դրա շարժիչ ուժը, մեր ակտիվիստներն ու մեր հանրությունը պատրաստ են պատրաստ են ազնիվ հարաբերություններ կառուցել աշխարհի, բոլոր արտաքին գործընկերների հետ, պատրաստ են լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր, որի խոսքն ունի իրական արժեք: Չպետք է խզենք դաշնակցային կապերը, այլ երկխոսության միջոցով կանոնավոր զարգացնենք առկա դաշնակցային կապերը՝ զուգահեռ խորացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ մեծացնելով դաշնակիցների, գործընկերների և ընկերների թիվը», - ասել է նա:
Բագրատ Սրբազանն ընդգծել է, որ Հայաստանին պետք է իրական ժողովրդավարություն, այլ ոչ թե դրա նմանակում և որ իրենք գործընկերներից ադեկվատ արձագանք են ակնկալում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
«Հայաստանի որևէ բարեկամ անհանգստանալու առիթ չունի. Հայաստանը կդառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր: Մենք հասկանում ենք՝ բոլոր արտաքին խաղացողների քաղաքական շահերը՝ բայց մեզ համար անընդունելի է շահերի առաջխաղացումն արժեքների ոտնահարման միջոցով», - նշել է նա:
Ըստ Բագրատ Սրբազանի՝ իերնք պայքարելու են իրական, արդար և կայուն խաղաղության համար:
Բագրատ Սրբազանն ռուսերենով կոչ է ուղղում միջազգային հանրությանը
Մանրամասները տեսանյութում
Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։
Ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ-ի (ծնված 2016թ․) և Հ. Հ-ի (ծնված 1963թ․) դիերը։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից։ Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի դին։
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա:
Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը:
Նախագահները աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Հունիսի 9-ին, ժամը՝ 17:30-ին Սասունցի Դավիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի և Մատենադարանի հարակից տարածքներից կմեկնարկեն երթեր դեպի Հանրապետության հրապարակ։
Հայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին
Մանրամասները՝ տեսանյութում
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-13-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Հունիսի 9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի։
Երևան քաղաքում՝
Հունիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։