Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանն X-ի իր էջում անդրադարձել է Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի վիճակին՝ գրառումը հասցեագրելով Նիկոլ Փաշինյանին։ «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը։ Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- գրել է Աֆեյանը։
Նրա խոսքով՝ Վարդանյանի դեմ իրականացվող գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։
Աֆեյանը կոչ է արել համախմբված ու վճռական քայլերով հասնել նրա ազատ արձակմանը։
Եթե ընտանիքում 2 հոգի աշխատում են և հայտարագիր են լրացնում, առողջության համար 100 000 դրամ կստանան. Տեսանյութ
Իրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից, սակայն չի պատրաստվում դրանք վարել իր համար ոչ շահավետ պայմաններով։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ոմանք ասում են, որ մենք այլ ընտրություն չունենք, քան ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան նստելը։ Բայց մենք չէինք էլ պնդում, որ չենք խոսելու։ Մենք միայն ասել ենք, որ չենք պատրաստվում ստորանալ ավազակների առաջ»,-նրա խոսքը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների տրամաբանությունն իսկ խախտվում է, երբ մի կողմին առաջարկում են վայր դնել զենքը` իմանալով, որ մյուսը ցանկացած պահի կարող է հարված հասցնել:
Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքը չի քննարկելու, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նա նաև հստակեցրել էր, որ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանին ամերիկյան կողմից որևէ ուղերձ չի փոխանցել:
Միջուկային գործարքը (ՀԳՀԾ) կնքվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի կողմից: Այն ենթադրում էր պատժամիջոցների վերացում` Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։ Սակայն 2018 թվականին` նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը սկսեց աստիճանաբար կրճատել իր պարտավորությունները` հրաժարվելով մի շարք սահմանափակումներից, այդ թվում` ուրանի հարստացման աստիճանին վերաբերող։
Փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է ռազմական գործողություններ վարելու փոխարեն Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել: Նա նշել էր, որ ուզում է հասնել «վերիֆիկացված» միջուկային խաղաղության պայմանագրի, որը Թեհրանին թույլ կտա զարգանալ և բարգավաճել:
Փետրվարի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Մոսկվան պատրաստ է Թեհրանին օգնել լուծում միջուկային ծրագրի հետ կապված հարցերին։
Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, բայց ձերբակալվածի կարգավիճակ չունի: Այս մասին տեղեկացնում է ԴՕԿ կուսակցությունը․
«Կուսակցությունը մշտապես գործել է թափանցիկության սկզբունքով և ձգտել է հանրությանը ներկայացնել իրավիճակի իրական պատկերը։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին մեզ փոխանցվել էր տեղեկություն, որ ամեն ինչ լավ է, և նա կայունանում է։ Սակայն, երբ ավելի մանրամասն տեղեկատվություն էինք փորձում ստանալ, պարզվեց, որ մեզ տրամադրված տեղեկությունները ամբողջական չեն եղել։
Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը կապ է հաստատել Վարդան Ղուկասյանի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանց միջև հաղորդակցությունը դադարել է։ Հետագա փորձերի ժամանակ մեզ տեղեկացվել է, որ Վարդան Ղուկասյանը չի կարող խոսել, քանի որ իրեն հանգիստ է անհրաժեշտ։
Այս հանգամանքը հանրության շրջանում որոշակի մտահոգություն է առաջացրել, հատկապես հաշվի առնելով, որ ստացված տեղեկությունները չեն արտացոլել իրականությունը։ Մենք հասկանում ենք հանրային հետաքրքրվածությունն ու անհանգստությունը և վերահաստատում ենք, որ կուսակցությունը չի ունեցել նպատակ որևէ բան թաքցնելու։
Միևնույն ժամանակ, շրջանառվող լուրերն այն մասին, որ Վարդան Ղուկասյանը ենթարկվել է բռնության, չեն համապատասխանում իրականությանը։
Այդ պնդումներում նշված անձը, ով իբր այդ միջադեպի մասնակիցն էր, հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով իր առնչությունը նման դեպքին։
Նախկինում մենք հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը երկու-երեք օրվա ընթացքում կլինի տանը, սակայն այս պահին հաստատվում է, որ նա գտնվում է վերահսկողության տակ։ Նա ձերբակալվածի կարգավիճակ չունի։ Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ բոլոր համապատասխան կողմերի հետ՝ լրացուցիչ մանրամասներ պարզելու համար։
Մենք վերահսկում ենք բոլոր գործընթացները, կապի մեջ ենք մնացած կողմերի հետ և անում ենք ամեն ինչ, որ հանրությանը փոխանցենք հավաստի տեղեկություններ։
Ավելի ուշ սպասեք պաշտոնական հայտարարության»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի արձագանքը Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման գործընթացինևնշել այդ հարցում առաջընթացը: Ինչպես հաղորդում Է Reuters-ը, այս մասին նա հայտարարել Է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիեր Սթարմերի հետ հանդիպման սկզբում:
Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի խախտի խաղաղ կարգավորման հնարավոր պայմանավորվածությունները:
Բացի այդ, նա հաստատել է Վլադիմիր Զելենսկու հետ համաձայնագիր ստորագրելու մտադրությունը Ուկրաինայի տարածքում հազվագյուտ հողային տարրերի և այլ օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն այդ ռեսուրսների խիստ կարիք ունի։ Թրամփընաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կայանա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, հայտնում է Bild-ը։
Մերցը X հարթակում գերմաներեն և ֆրանսերեն գրել է. «Շատ շնորհակալ եմ, հարգելի Էմանուել Մակրոն, Ձեր բարեկամության և գերմանա-ֆրանսիական հարաբերությունների նկատմամբ վստահության համար: Միասին մեր երկրները կարող են Եվրոպայի համար մեծ հաջողությունների հասնել»:
Սա Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի առաջին արտասահման այցն էր Բունդեսթագի ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո։
Զրույցի մանրամասները դեռևս չեն բացահայտվել, ֆրանսիական կողմից մեկնաբանություններ չեն եղել։ Ըստ Bild-ի՝ Մերցը Փարիզ է մեկնել ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Մակրոնը նրան ընթրիքի է հրավիրել։
Դաշինքը հայտարարել է, որ զրույցն անցել է չափազանց բարեկամական մթնոլորտում, քննարկվել են մեծ թվով հնարավոր համատեղ նախաձեռնություններ։ Հաշվի առնելով Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ հավանաբար Փարիզում կայացած հանդիպմանը քննարկվել է եվրոպական պաշտպանությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնից։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված փաստաթղթերը կազմվել են փետրվարի 24-ին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության փաստով։
ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 24-ին Փարաքարի համայնքապետարանի շենքում, ապա՝ դրսում, վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակիցների և քաղաքացու միջև։
Տեղում պարզվել է, որ միջադեպին մասնակցություն են ունեցել Փարաքար գյուղի բնակիչ 34-ամյա Էրիկ Ասատրյանը, Թաիրով գյուղի բնակիչ 36-ամյա Հրաչյա Շառոյանը և Փարաքար գյուղի բնակիչ 35-ամյա Արամ Սուքիասյանը։
Վերջիններս կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Փարաքար գյուղի բնակիչ 39-ամյա Էդգար Հովակիմյանի հետ, որի ընթացքում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել վերջինիս։
Կասկածյալներից Է. Ասատրյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ա. Սուքիասյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տեղակալ-ինժեներ, իսկ Հ. Շառոյանը Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայոց պատմության` Արցախին վերաբերող հատվածը փորձ է արվում վերախմբագրել, ձևախեղել՝ շրջանառությունից հանելով նաև տեղանվան հայկական ձևը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։
Արման Մալոյան
© Sputnik / Aram Nersesyan
Նշեց՝ չի կարող ասել, թե քաղաքականությունն անսպասելի էր. ազգայինից հեռանալու, այն համաշխարհայինին ստորադասելու տենդենցները վաղուց են նկատվում, և ազգայինից հրաժարվելու մարմաջը Հայաստանում դարձել է պետական քաղաքականությանը համաքայլ ուղեկցող մի բան։
«Բարբարոսաբար վարվեցին հատկապես «Հայոց պատմության» դպրոցական ծրագրերի հետ․ նախ այն անվանափոխվեց, դարձավ «Հայաստանի պատմություն», հետո էլ սկսվեցին առանձին ձևակերպումներից մոլուցքով ազատվելու կամ դրանք վերաձևակերպելու ձգտումներ։ Մանավանդ, եթե դրանք ձևակերպված էին հայրենասիրական մղումով կամ որոշակի տարրեր էին պարունակում։ Օրինակ, ամեն կերպ փորձում են ազատվել «Արցախ» տեղանվան հայկական ձևով հիշատակումից՝ նախապատվություն տալով Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ձևակերպմանը»,- նշեց Մալոյանը։
Համեմատության համար նա առաջարկում է դիտարկել ադրբեջանական տարբեր կայքերը․ դրանցում հայկական բնակավայրերը նշվում են ադրբեջանական տարբերակներով։ Փոխարենը մենք էլ շարունակենք պրոպագանդել, հանրահռչակել ու տարածել մեր ազգայինը, գրչի մի հարվածով փորձում ենք առաջ մղել «Ղարաբաղ» ձևը։
Պատմաբանի խոսքով՝ «Արցախ» ձևակերպումից ամեն կերպ հրաժարվելու տենդենցը նկատվեց նաև «Հայոց պատմության» 11-րդ դասարանի դասագրքում կատարված փոփոխություններով, որից հանվել են Արցախյան ազատամարտը և Արցախի հարցը։
«ԿԳՄՍՆ-ն փորձեց հիմնավորել, թե Արցախյան ազատագրական պատերազմի, Արցախյան հիմնախնդրի, անկախության գործընթացի և այլ հարցերին անդրադառնում կամ ուսումնասիրում են 9-րդ դասարանում, բայց նախարարության ներկայացուցիչը մոռացավ, որ դա նախկին դասագրքերում և նախկին ծրագրերում էր, մինչդեռ արդեն սեպտեմբերից դրանք դուրս են բերվելու դպրոցներից և մտնելու են նրանց բարբարոս ձեռագրով առաջնորդված մասնագետի փոփոխած դասագրքերը։ 9-րդ դասարանի դասագրքում կատարվել է նույն զտման, մաքրման գործունեություն»,- նշում է պատմաբանը։
Նա օրինակներ է ներկայացնում, թե 9-րդ դասարանի հին դասագրքի մի շարք թեմաներ նոր դասագրքում ինչպես են փոփոխվել, ձևախեղվել «ազգադավ պատմաբանների ձեռքով»։
Հին ծրագրի 4-րդ թեմայի վերնագիրն է «Արցախյան ազատամարտը», նորում այն չկա էլ։ Առաջին ենթահարցը՝ «Արցախյան ազատամարտը 1990-94թթ», նոր ծրագրով դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»։ Երկրորդ ենթահարցը՝ «Արցախյան հիմնախնդիրը միջազգային ատյաններում, հիմնադրի լուծման հեռանկարները», նորում՝ «Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը», երրորդ ենթահարցն է՝ «Արցախյան ազատամարտի արդի փուլը», նորում այն դարձել է «Մշակույթը Լեռնային Ղարաբաղում»։ «Արցախյան ազատամարտի հերոսները» չորրորդ ենթահարցն է, որը, պատմաբանի խոսքով, առհասարակ ջնջված, հանված է։ Դրա փոխարեն առաջարկվում է ուսումնասիրել «Հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը»։
«Այսինքն՝ սա ավելի կարևոր է, քան սովորողը ճանաչի Արցախյան ազատամարտի հերոսներին, նրանց գործունեությունը»,- նշում է պատմաբանը։
Հավելում է՝ Արցախը դուրս է գալիս մեր պատմությունից, մատաղ սերնդի գիտակցությունից, դասագրքերից աստիճանաբար հանվում է, լվացվում է Արցախի՝ Հայաստանի մաս լինելու գաղափարը, մեր իրավունքներն Արցախի նկատմամբ, սերմանվում խաղաղության դարաշրջանը կեղծ, անիրական, խախուտ հիմքերի վրա։
Արման Մալոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցի լուրջ վերանայումներ առայժմ նոր դասագրքերում չկան, նախորդ ծրագրի հիմնական թեմատիկան պահպանվել է։ Բայց մեկ այլ տենդենց էլ է նկատվում՝ եթե ապազգայնացման մի սլաքն ուղղված է Արցախի հայկականության մոռացությանը նպաստելուն, ապա մյուսը դեպի ազգային կյանքում կարևորություն ունեցող մեկ այլ հաստատություն է՝ Հայ առաքելական եկեղեցի։
Օրինակ, նրա խոսքով, 9–րդ դասարանի դասագրքից հանվել է «Հայոց ցեղասպանությունն ու հայ եկեղեցին, հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը» թեման։
Մալոյանը վստահ է, որ կեղծ և հորինված թեզերով հասարակությանը երկար կերակրել չի ստացվի, քանի որ պատմությունը գրվում ու պահպանվում է նաև ականատեսների հիշողություններով, փաստավավերագրական նյութերի հիման վրա։
Պատմաբանը նաև ցավ է ապրում, որ այս իրավիճակում մեծ թվով մասնագետներ լուռ և կրավորական կեցվածքով հետևում են, թե ինչպես է պատմությունը ձևախեղվում։ Շեշտում է՝ ժամանակն է, որ հայ ուսուցիչը մի կողմ դնի մտավախությունները աշխատանքից ազատվելու, այլ ճնշումների ենթարկվելու, բարձրաձայնի իր կարծիքն ու տեսակետը՝ թույլ չտալով մոռացության տալ ազգային նպատակներն ու իղձերը, որոնք դարեդար եղել են հայեցի դաստիարակության ու կրթության հիմքում։
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 28-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.25 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 395.91 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 392 դրամ է, վաճառքը՝ 396։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.72 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 416.88։
Փոխանակման կետերում եվրոյի առքը 410 դրամ է, վաճառքը՝ 415։
Ռուբլու առքն էլ կազմում է 4.38 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.70 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.40 և վաճառվում 4.50 դրամով։
Հանրապետությունում այսօր ժամը 9–ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է միայն Թթուջուր–Նավուր ճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– ասված է հաղորդագրությունում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: