«168 ժամ»-ը հրապարակել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի անդրադարձը արցախյան հակամարտության բանակցային գործընթացին: Կոլերովը, մասնավորապես, ասել է. «Ոչ մի նոր բան չի կատարվում, իմ կարծիքով՝ քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները՝ տարածքներ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն՝ սկզբից 2 շրջան, հետո ևս մի քանի ու այդպես շարունակ: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ: Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը մինչ այս հարցին անցնելը: Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում: Ասում են՝ ինչ-որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք Հայաստանի իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից»»,-ասել է Կոլերովը:
«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի գլխին նոր մարտահրավեր է կախվում։ Տեղեկություն կա, որ վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են գնում ադրբեջանական ընկերության եւ Կովկասում ինտերնետ մատակարարող Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջեւ՝ 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման շուրջ։ Այս գործարքի արդյունքում Հայաստանում մինիմում տրաֆիկի վերահսկողություն կիրականացվի, Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով, իսկ մաքսիմում պլանում՝ կկարողանա Հայաստանը շատ արագ զրկել կապից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայրենի կառավարությունում դեռեւս լրջորեն մտահոգված չեն այս հարցով, ու կանխարգելիչ քայլեր մինչ այս պահը չեն եղել։ Ի դեպ, մասնագետների հավաստմամբ՝ Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ-պրովայդեր այս պահին գրեթե չկա»:
«Ժամանակ»-ը գրում է. «Հայ սպաների միությունը, որի ստեղծման հիմքում կանգնած են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը և Աշոտ Մանուչարյանն, ունի նաև պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանի աջակցությունը: Տոնոյանը խոստացել է լուծել գրասենյակի հարցը և օժանդակել այլ կազմակերպչական հարցերում: Եթե այս միությունը կայանա, ապա այն կարող է դառնալ ԵԿՄ-ի ավելի ցիվիլ տեսակը, որտեղ կմիավորվեն ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի հայ զինվորականները: Այս դեպքում գուցե ԵԿՄ-ի հարցը և՞ս փակված համարվի»,-եզրակացնում է թերթը:
«Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունում դիրքային պայքար է ընթանում՝ լիդերները փորձում են յուրայինների թիմ ձևավորել։ Առաջին «թայֆան», իհարկե, Արարատ Միրզոյանինն է՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյան, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան։ Այս խումբը հավակնում է «Իմ քայլի» էլիտան լինելու։ Երկրորդ խումբը լրագրողներն են, որոնց վրա է դրված ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ շփվելու գործը։ Մյուսը Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են՝ նրան տարիքով մոտ Հովհաննես Իգիթյանը, Անդրանիկ Քոչարյանը, նաև իր սանիկ Թագուհի Թովմասյանը։ Իսկ անվանական բաճկոն կրող Հայկ Սարգսյանը, ասում են, Փաշինյանի «աչքն ու ականջն» է ԱԺ-ում, ումից զգուշանում են, քանի որ բոլորին «կոնտրոլի» տակ է պահում»:
«Ժամանակ»-ը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Վերջինս լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Ի դեպ, Կոստանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերեւս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու փորձ ունի, եւ կարող է այս հարցում եւս օգտակար լինել իշխանություններին»:
0Comments