Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է. հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Յուրաքանչյուր տարի տոնի կապակցությամբ Հայաստանի և Արցախի պաշտոնյաներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Այս տարի ևս օրն սկսվել է բարձրաստիճան այրերի՝ պանթեոն այցով:
Հայկական բանակը կազմավորվեց բարդ ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Միությունր գոյության վերջին ամիսներն էր ապրում: Արցախում գերակա դարձավ ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովուրդը քաջարի ուղի անցավ՝ կերտելով բազմաթիվ հաղթանակներ:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Եռաբլուրում իր պաշտոնանկությունից չի խոսել՝ նշելով, որ արդեն այդ ժամանակն անցել է: «Որ նեղացած լինեի, այստեղ չէի լինի»,-ասել է նա:
Հարցին, թե շատ է խոսվում «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին, արդյոք դա խելամի՞տ թեզ է, Մնացականյանն ասել է. «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը կճանաչեն, դրանից հետո կխոսենք»,-ասել է Մնացականյանը:
Արցախը բանակցային գործընթացին մասնակից դարձնելու պահանջը բանկացությունների արդյունավետության հարց է, Եռաբլուրում լրագրողներին ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով. «Դա չի նշանակում, որ Հայաստանը խուսափում է պատասխանատվությունից»։ Մնացականյանն անդրադարձել է նաև Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումներին՝ պարզաբանելով, որ դա հնարավորություն է տալիս՝ ձևավորել միջավայր, որտեղ երկու երկրների ղեկավարները միմյանց ավելի լավ են հասկանում։
Իսկ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Եռաբլուրում մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրումն, ասել է. «Հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ո՞նց եք պատկերացնում՝ այսօր Նիկոլ Փաշինյանը տապալի սահմանադրական կարգը, որ նորից մնա վարչապետ: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանություն չի: Իշխանությունում գտնվող մարդն ինչու՞ պետք է տապալի սահմանադրական կարգը: Բանակը չի ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ուղղակի 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի. ցանկացած երկրում կգնան այդ քայլին: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին»,-նշել է Բալասանյանը:
Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդմանը, որ մարտի 1-ին զինծառայող էր սպանվել արտակարգ դրություն մտցնելու համար, Բալասանյանն ասել է. «Ամոթ է, չի կարելի այդպիսի բան ասել: Նրանք, ովքեր նման բան են ասում, կարճ ժամանակ անց վատ վիճակի մեջ են ընկնելու»,-ասել է նա:
Ես չեմ կարող բացառել, որ բանակում միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ, հունվարի 28-ին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով բանակում զինվորների շրջանում տիրող կրիմինալ մթնոլորտին: «Հասկանու՞մ եք, 18-ից 27 տարեկան երտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է իրենց կարգապահությունը և միջանձնային հարաբերությունների որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց լինում են դեպքեր: Ինչ վերաբերում է կրիմինալին, դրա դեմ մեծ պայքար է գնում: Այսինքն՝ չեն լինելու ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով եւ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, եւ կրտսեր սպայական կազմի գործունեությունն ենք դարձնում ավելի հստակ»,-պարզաբանել է Տոնոյանը:
Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը՝ «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում: Հոդվածագիրն անդրադարձել է երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։
«Վրաստանի և Հայաստանի ճաշատեսակները տարածաշրջանի մշակույթը հասկանալու համար կատարյալ միջոցներ են: Խոհարարական նման շրջագայությունը կլինի լավագույն տարբերակը՝ ուսումնասիրելու տարածաշրջանը՝ «համեղ ոճով»,-ասված է հոդվածում:
Հայկական ավանդական խոհանոցից հեղինակն առանձնացրել է հայկական ոճով պատրաստված խորովածը: Նա նկատել է, որ խորովածը Հայաստանում նաև մեծ բիզնես է: «Նրանք համեմում ու շամփուրի վրա են շարում միսը՝ հաճախ խոզի, խորովում են և մատուցում ընտանեկան հավաքներին»,-նշված է հրապարակման մեջ:
0Comments