Հայկ Մարությանը Facebook-յան ուղիղ եթերում հրապարակել է պարգևավճարների չափը

Ես հանձնարարեցի, որպեսզի պարգևավճար ստանան քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-յան ուղիղ եթերում հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը։ Նրա խոսքով, քանի որ դեկտեմբերին ինքն ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է եղել, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականին և հաստատված 2018 թվականի բյուջեով։

«Այդպես էլ արվեց, մի վերապահումով։ Ես հանձնարարեցի, որպեսզի պարգևավճար ստանան քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ կային աշխատակիցներ, որոնք տարիներ ի վեր չէին ստանում այդ գումարները։ Այնուհետև մտածում էինք այս ցուցակի հրապարակման մասին։ Իրավաբաններն ինձ խորհուրդ տվեցին հարցում անել Արդարադատության նախարարություն, թե արդյոք այս ցուցակը հրապարակելով մենք չենք հրապարակում մարդկանց անձնական տվյալները։

Արդարադատության նախարարությունից եկավ պատասխան, որ այո, այս ցուցակը պարունակում է անձնական տվյալներ, բայց մյուս կողմից դա հանրային ինֆորմացիա է»,-ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ քանի որ կա նաև հանրային մեծ պահանջ այդ
ցուցակը հրապարակելու, ինքը որոշել է հրապարակել այն։

Ըստ այդմ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգևավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 637 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան – առանց հարկերի 637 հազար դրամ,

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան – առանց հարկերի 937 հազար դրամ,

Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան – 637 հազար դրամ։

Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են մաքուր 288 հազար դրամ։

Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակի մնացած հատվածը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։