«Ինքնապարգևատրումները կոռուպցիայի օրինականացված տարբերակն են»

«Բյուջեն այսպես օրինական մսխելու դեպքում իրավիճակ է փոխվել, բայց փոխվել է ձեզ համար, այլ ոչ թե՝ շարքային քաղաքացիների»


Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ինքնապարգևատրումների այդ աստղաբաշխական գումարները կոռուպցիայի օրինականացված տարբերակն են: Օրինականությունը մինչև վերջ պահպանելու համար պետք է գործող օրենքներն այնպես փոխել, որ յուրաքանչյուր նախարարի, մարզպետի, վարչության պետի համար օրենքում նշվի՝ նախարարը, մարզպետը, վարչության պետը կարող է ինքնապարգևատրվել այնքան, որքան նրանց սիրտն ուզում է:

Պետբյուջեն պետք է վատնել օրենքի սահմաններում: Նույնիսկ եթե դուք չափի զգացումը կորցնում եք բյուջեն մսխելիս, ապա հաշվի առեք, որ ամեն ինչ օրենքով լինի: Օրինակ, քաղավիացիայի պետին 30 հազար դոլար՛ ՛՛Տոյոտա՛՛ պետբյուջեով հատկացնելը ավելի կարևոր է, քան ազգային ավիափոխադրող ունենալը, պարգևավճարներն ավելի կարևոր են, քան կենսաթոշակներ բարձրացնելը, բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորությունները դպրոցները վերանորոգելուց ավելի կարևոր են, խտրական գերբարձր աշխատավարձերն ավելի տեղին են ու կարևոր, քան բուհական ցածր աշխատավարձերը:

Բյուջեն այսպես օրինական մսխելու դեպքում կարող ենք արձանագրել, որ իրավիճակ է փոխվել, բայց փոխվել է ձեզ համար, այլ ոչ թե՝ շարքային քաղաքացիների»: