Կարո Փայլանը բարձրացրել է սիրիացի ներգաղթյալների անօրինական շահագործման հարցը

Պատգամավորը խորհրդարանի ուշադրությունը սևեռել է մի շարք կարևոր խնդիրների վրա

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ուշադրությունը սևեռել է սիրիացի ներգաղթյալների խնդիրների վրա: Մասնավորապես՝ նա անդրադարձել է թուրք գործատուների կողմից սիրիացիների անօրինական շահագործման ու սիրիացի աշխատավորների շրջանում մահերի չափազանց բարձր տոկոսի դեպքերին:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Փայլանը հիշեցրել է, որ հունվարի 16-ին Անկարայի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 5 բանվորները սիրիացիներ էին: Հայազգի պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք նրանք ունեին աշխատելու թույլտվություն և աշխատանքային ապահովագրություն, թե գործատուն անօրինաբար շահագործել է նրանց որպես էժան աշխատուժ:
Նա հետաքրքրվել է Թուրքիայի ընտանեկան և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զյումրյութ Սելջուկից սիրիացի ներգաղթյալների շրջանում Թուրքիայի տարածքում աշխատելու թույլտվություն ունեցողների թվի ու ներգաղթյալների անօրինական շահագործման դեմ պետության ձեռնարկելիք քայլերի մասին:
Ըստ Փայլանի՝ ներգաղթյալները Թուրքիայում հաճախ ստիպված են իրենց կյանքը վտանգելով տաժանակիր աշխատանք տանել և չնչին գումարներ վաստակել՝ չունենալով նույն իրավունքներն ու պայմանները, ինչ Թուրքիայի շարքային քաղաքացին:
Թուրքիայում աշխատավորների մահվան չափազանց բարձր թիվը պարբերաբար հայտնվում է բազմաթիվ իրավապաշտպան կառույցների ուշադրության կենտրոնում: Հայտնի է, որ 2017 թվականի միայն առաջին վեցամսյակում երկրում մահացել էր 741 աշխատավոր: 
Ծանր աշխատանքային պայմանների պատճառով մահացած գաղթական աշխատավորների 62 տոկոսը սիրիացիներ են: