ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նոր կառավարության հերթական ձախողումը․
Ցանկանում եմ հիշեցնել Տավուշի մարզի բնակչի դեպքը.
46 -ամյա Արթուրն իր կյանքի 25 տարին նվիրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում։ Նրա որդին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, իսկ խնամակալության տակ գտնվող տղան հենց այս պահին էլ ծառայում է Հայոց բանակում:
Այս քաղաքացին իր ողջ ընտանիքով է պաշտպանում Կառավարության շենքում ծվարած, փափուկ բազկաթոռներում թղթեր ստորագրող, թանկարժեք կոստյումներ հագած փափկամազիկներին, հենց միայն իր ընտանիքի ներկայությամբ Հայկական սահմանամերձ Բերդ քաղաքում։
Ոչ ոք ապահովագրված չէ հանկարծահաս հիվանդություններից, այդ թվում նաև կաթվածից։ Այս ՀԱՅ-ը տուժել է գլխուղեղի կաթվածի արդյունքում։
Հպարտությամբ նշում եմ, որ մեր ողջ բժշկական անձնակազմի քրտնաջան, գրագետ, արագ և հոգատար աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել նրա կյանքը։ Իսկ այսօր Արթուրը կատարեց նաև իր առաջին քայլը։
Իմ հորդորով Արթուրի հարազատները դիմում եմ ներկայացրել ՀՀ Պաշտպանության և Առողջապահության նախարարներին, որպեսզի, հաշվի առնելով մեր հայրենիքին մատուցած նրա ծառայությունները, նրան հնարավորություն տրվի բուժվել ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում` ազատվելով 300 000 ՀՀ դրամ համավճարի վճարումից։
Սակայն, ի՞նչ եք կարծում, միայն իրենց բարեկեցության մասին, իրենց պարգևատրող ու իրար ատամներով պաշտպանող կառավարության անդամներն ունակ են մտածելու մեկ այլ հայի մասին, ով իրենց հետ փաբերում չի «տժժում», սակայն ամառ-ձմեռ կանգնած պահպանում է Հայոց սահմանը։
Այսօր ստացել ենք մերժում երկու նախարարությունից էլ։
Հիշում եմ, դեռ տարիներ առաջ, դեռևս Արմեն Մուրադյանի պաշտոնավարման օրոք, սահմանամերձ շրջանի ոչ մի բնակիչ այսպիսի ծաղրի չէր արժանանում։
Դուք մե՛ր քաղաքացիներին չեք ծաղրում, պարոնա՛յք փափկամազիկներ, դուք ծաղրում եք ձեզ, ձեր պոպուլիզմն ու ձեր քաղաքական ուժին։
Արթուրը ոտքի է կանգնելու, շարունակելու է ապրել Հայոց հողում, իսկ դուք ……. Ամոթ ձեզ»։
0Comments