Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ 6-7 ամիս աշխատած մարզպետներին, որոնք իրենք իրենց պարգևատրել են:
Վերջինս նշեց, որ իրենք շահագրգռված են, որ ոչ մի լումա չծախսվի ոչ նպատակային, բայց գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը պետք է հաշվի առնել նաև այդ հարցում և պետք է խախտում գրանցվի, որ կարող էր իրեն պարգևատրել, թե ոչ:
«Ինչքան էլ հասարակության զայրույթը հարուցեն, քանի դեռ իրավական մարմինների կողմից չի գրանցվել խախտում, պետք չի ավելորդ շտապողականություն դրսևորել և գնահատել յուրացում վատնում»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանի խոսքերով՝ պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության արդյունքում կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա:
«Բայց քանի դեռ նրանց տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմքը»,-ասաց նա:
Պատգամավորը նաև հայտնեց, որ ԱԺ-ն առաջին իսկ շփման առումով չունի այնպիսի իրավազորություն` քննարկել կոնկրետ մարզպետի պարգևատրման հարցը, գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք որպես խախտում կարձանագրեն, ԲՀԿ-ն երբեք չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալուց:
Հիշեցնենք, որ մի քանի մարզպետներ՝ Ամանորի նախաշեմին պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին:
0Comments