Քոչարյանի պաշտպանները երրորդ դիմումը կներկայացնեն ՄԻԵԴ

Չի բացառվում, որ այն ներառի քաղբանտարկյալի տարրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ դիմումը կներկայացնեն ՄԻԵԴ: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Եվրոպական դատարան երրորդ դիմումը, որը մշակման փուլում է, չի բացառվում, որ ներառի քաղբանտարկյալի տարրը: Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ, ներառյալ Եվրոպայի խորհրդի որոշակի սահմանումներում, առկա են «քաղբանտարկյալի» սահմանումը, որի տակ ակնհայտորեն ընկնում է Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցի հարցին, Օրբելյանը նշեց, որ գրավի միջնորդությունը չի քննվել, քանի որ առարկայազուրկ է դառնում որպես այդպիսին, քանի որ եթե բավարարվեց կալանքի երկարացման միջնորդությունը, ապա այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն և համապատասխանաբար առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ, եթե մերժեց ՀՔԾ միջնորդությունը գրավի միջնորդության քննարկումը մինչև ամսի քսանը, կլինի առարկայական:

Պաշտպանը նշեց նաև, որ գործը դիտարկում, քննարկում են և´ Հայաստանում, և´ դրանից դուրս տարբեր իրավաբանների, իրավաբանական կառույցների հետ, այս պահին քննարկումների մեջ ենք ֆրանսիական, ռուսական մի շարք իրավունքի դոկտորների հետ, դիրքորոշումներ են պարզում:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու կամ գրավով ազատ արձակելու հարցը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: