Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների թիվը աճում է

Նրանց հիմնական նպատակն՝ ուսումն է

Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թվի աճ է նկատվում: ՀՀ միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք՝ 3 հազար 951, ելք՝ 3 հազար 899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4 հազար 226 և 4 հազար 148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11 հազար 589 և 11 հազար 278, տարբերությունը 311, իսկ 2018թ. ինն ամիսների տվյալներով՝ արդեն մուտքերը կազմել են 21 հազար 61, ելքերը`18 հազար 95, տարբերությունը`2966:

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա այս դեպքում նույնպես առկա է աճ։ 2015թ. կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացի, 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018թ-ի նախնական արդյունքներով այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո): Հնդկաստանի քաղաքացիները ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։

Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև վիզային քաղաքականությամբ։ 2017թ-ի փետրվարին ընդունված որոշմամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն տվեց Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում։