Հունվարի 1
Աստված մեր և Տեր մեր, հրճվում ենք Քեզնով: Առանց Քո օգնության չենք կարող աներկյուղ դիմավորել առաջիկա տարին:
ԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ տարիների միջև: Իմ ներկայության Լույսը ցոլանում է գալիք տարիների վրա՝ իբրև ճառագայթ Արդարության Արեգակի: Դեպի ետ՝ անցյալ տարվա վրա է ընկնում Իմ Ստվերը՝ ծածկելով տագնապը, տառապանքը և հուսախաբությունը անցած տարվա:
Մի մնա կանգնած անցյալի մեջ. մոտեցիր ներկային ու նրա Տերը եղիր: Դու անցյալը գործածիր, ինչպես ծառերն են գործածում Իմ Արևալույսը, երբ ներծծելով կլանում ու ամբարում են այն, որպեսզի այնուհետև պատրաստեն ցոլքերը բարկ կրակի: Դու էլ Ինձնից՝ Աշխարհի Լույսից, ամբարիր միայն օրհնություններ: Այս մտածումները թող քաջալերեն քեզ:
Թո՛ղ ապագային վերաբերող քո բոլոր վախերը, թո՛ղ մտահոգությունները, որ ունենում ես քո սիրելիների աղքատության համար, թո՛ղ անցյալի քո բոլոր դառը ու անազնիվ մտածումները, թո՛ղ, հեռու նետիր քո անսիրալիր վերաբերմունքները, ձախորդության զգացումները, հուսախաբությունները, որ ունեցար քո անձի ու այլոց նկատմամբ, քո տխրությունները, քո հուսահատությունները: Թողնենք, որ հեռացող անցյալի մեջ նրանք մոռացված մնան, իսկ մենք առաջ ընթանանք՝ վերածնված կյանքի նոր ճանապարհով:
Դու չպետք է տեսնես այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում: Ես տարին բռնել եմ Իմ Ձեռքում և իբրև Ավանդ եմ պահել քեզ համար: Սակայն ԵՍ քեզ առաջնորդելու եմ օրը օրին: Հարկ չկա, որ դու ցանկանաս նախապես իմանալ, թե ինչ պարգևներ պիտի տրվեն քեզ, և դրանց հետ նաև՝ վախերն ու մտահոգությունները: Ես ամեն օրվա համար կտամ քեզ անհրաժեշտ զորությունն ու իմաստությունը:
0Comments