Զոհրաբ Մնացականյանը Լիխտենշտեյնի իր գործընկերոջ հետ քննարկել է մի շարք հարցեր

Նա զրուցակցին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Լիխտենշտեյնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանի և Լիխտենշտեյնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում որդեգրված սկզբունքային դիրքորոշումը շարունակելու է մնալ անփոփոխ: 

Կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրումը՝ երկու երկրների արտգործնախարարները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կանխարգելման օրակարգի շուրջ առավել սերտ փոխգործակցություն ծավալելու հարցում:

Նախարար Մնացականյանն Աուրելիա Ֆրիքին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր: