«Հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է և անտեր: Մենք Ձեզ հաղթանակ ենք մաղթում տնտեսական հեղափոխության տեսլականում, բայց այդ հաղթանակը բոլորինս է, պարտության պատասխանատուն Դուք եք մնալու»,- այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ազատ խաղացողի տեսլականը:
«Տնտեսական հեղափոխության պարագայում խիստ վտանգավոր է և ռիսկային խաղի կանոնների ոչ հստակությունը: Բայց կարող է հաջողության հասնել այն տեսքը, որը դուք տվել եք ծրագրին: Այսինքն՝ չի բացառվում և ամբողջովին թվերով հաշվարկված, և առանց թվերի ծրագրի հաջողությունը: Սակայն անհասկանալի է, թե ինչու եք նշել տնտեսական աճի առնվազն 5 տոկոս: Դուք զգուշավորության մի շեմ եք վերցրել, որը բոլոր նախորդ կառավարություններն ունեին: Ես առաջարկում եմ այդ 5 տոկոսը հանել ծրագրից, քանի որ Ձերը թռիչքի հեղափոխություն է և պետք չէ, որ այդտեղ թիվ նշվի: Օրինակ, եթե ծրագրում արտահանման 43-45 տոկոս աճ եք դրել, դա հեղափոխական ցուցանիշ է»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը նշեց, որ տնտեսական հեղափոխության պայմաններում կցանկանար ագրեսիվ քաղաքականություն տեսնել, մինչդեռ այս ծրագրում շատ են սպասողական մոտեցումները: «Չեք առաջարկում ծրագրեր, միայն ասում եք՝ ստեղծվել են պայմաններ, կա քաղաքական կամք, մնացածը պետք է անեք դուք: Ի տարբերություն քաղաքական հեղափոխության՝ նշում եք, որ կառավարությունը միայն մասնակիցն է տնտեսական հեղափոխության, այս դեպքում Դուք ուզում եք հետ քաշվել, ժողովուրդն անի տնտեսական հեղափոխությունը»,- նշեց Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ասում են նույնը, ինչ քաղաքական հեղափոխության ժամանակ. «Մենք ասում ենք, որ հնարավորություններ պետք է ստեղծել և ուղղություններն էլ ենք ասում»:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Էական նշանակություն ունի, որ Կառավարությունն այս պրոցեսում ներգրավի մեր հզոր գիտական ներուժը: Մենք խոսում ենք, որ գիտությանը չենք ֆինանսավորում, բայց ժամանակն է, որ գիտությունն ապացուցի՝ ֆինանսավորման ռեալ հնարավորություն ունի: ԳԱԱ-ի հզոր ներուժը, որ ամեն օր գյուտեր է անում, պետք է ներգարվել տնտեսության զարգացման գործընթացում: Չեմ ցանկանա, որ մենք պասիվ դիտորդի դերում լինենք»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ պետք է գույքագրել ունեցածը, ծրագրեր պատվիրել և միջազգային հարթակներում վաճառել դրանք, քանի որ առանց ներդրումների արդյունք չի ստեղծվի. «Ոչնչից ոչինչ է ստեղծվում, կամ՝ ոչնչից ոչինչ չի ստեղծվում»:
Վարչապետն անդրադառնալով ներդրումային դաշտ ստեղծելու ոչ բավարար քայլերին՝ ներկայացրեց, թե ինչ են իրենք առաջարկում:
«Մինչև հիմա ներդրումներ ասելով ի՞նչ է հասկացել ԱԺ-ն: Կներեք, հազար ներողություն եմ խնդրում, բայց որ այս թեման փակվի, պետք է այդ օրինակը բերեմ. սովորաբար կառավարությունում և ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը և ասել են, թե հիմա ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք և մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, և կան ախպոր ախպոր ախպերներ: Հիմա ո՞նց ենք ներդրում բերում, դե ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերն էլ իր ախպորը, ախպոր ախպերն էլ իրենց ախպերներին, և ախպերներով պետք է մի բան անենք, մի բան լինի»,-ասաց վարչապետը:
Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ֆետիշացնում է հարցը, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե չի ֆետիշացնում. «Եկեք նայենք մեր երկրի ներդրումների պատմությունները, ինչի՞ պատահական մարդ Հայաստանում ներդրումներ է արե՞լ, կամ եղել է ախպեր կամ ախպոր ախպեր: Դրա համար Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա: Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը, մենք դաշտ ենք ստեղծում, որ ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները»:
Անդրադառնալով ներդրումների խրախուսմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա առաջին քայլերից մեկը Հարկային օրենսգրքի փոխոխություններ են. «Մենք չենք ասում՝ մեզ մոտ հարկը 36% է, բայց քանի որ դու մեր ախպերն ես և ախպոր ախպերն ես, կգաս ու կդասավորենք, ու ամեն ինչ լավ կլինի: Մենք ասում ենք բոլորի համար՝ անկախ նրանից ախպեր ես, քուր, թե հորեղբոր տղա, բոլորի համար իջեցնում ենք, դարձնում 23% և իջեցնելու ենք առաջիկա հինգ տարիներին՝ 20%: Սա ուղերձ է պոտենցիալ ներդրողին, որ մի տեղ կա, երբ որ ինքն աշխատավարձ վճարի, 20% եկամտահարկ կվճարի: Պարզեցնում ենք հարկային կարգավորումները ասելու համար, որ պետք չի ախպոր ախպոր ախպոր հետ գնանք մեր ախպեր վարչապետի մոտ, ասեք՝ ախպեր, դե եկել ենք, ի՞նչ ենք անելու: Ասում ենք՝ ապահովում ենք կոռուպցիայից զերծ գործունեություն, մի հատ էլ ներդրումային հիմնադրամ ենք ստեղծում, որը բոլորի ախպերն է հավասարաբար, կգնաք այդ գրասենյակ, այնտեղ մի ախպեր նստած կլինի և ախպերաբար բոլորի հարցերը կլուծի հավասար»:
Նյութի աղբյուր՝ 168.am
0Comments