Մեր զինծառայողների մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը ոտնձգություններ է կատարել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց փաստահավաք գործունեության արդյունքները և նշեց, որ արդեն պատրաստ է երկրորդ միջանկյալ զեկույցը ադրբեջանական վայրագությունների մասին։

«Մինչև երեկ քաղաքացիական բնակչությունից արձանագրվել է առնվազն 25 զոհ, որից 5-ը՝ երեկ առնվազը 102 վիրավոր է եղել: Այս զոհերը և վիրավորները բոլոր ուղղություններով են արձանագրվել և բոլոր հիմնական բնակավայրերում»,- ասաց նա և նշեց, որ զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են, ինը՝ կին է, մեկը՝ երեխա:

Արտակ Բեգլարյանը նկատեց, որ մի քանի ապացուցված փաստի հիման վրա եկել են եզրահանգման, որ Ադրբեջանը համակարգված թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, թիրախավորվել են բարձր ճշգրտությամբ զենքերով, ապա ներկայացրեց իսրայելական արտադրության խոցված ԱԹՍ-ի կտորներ:

«Այս բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ընդգծված միտում է եղել՝ հարվածելու նաև քաղաքացիական բնակչությանը և կորուստներ արձանագրել»,-ասաց նա և նշեց, որ լրագրողների հանդեպ թիրախային հարվածներ ևս կիրառվել են:

«Խիստ դատապարտելի է ինչպես քաղաքացիական անձանց թիրախավորումը, այնպես էլ լրագրողների թիրախավորումները, գոնե որոշ դեպքերում ակնհայտ է, որ դիտավորյալ հարվածներ են հասցվել լրագրողներին, քանի որ ունեցել են տարբերանշաններ»,- ասաց նա և նշեց, որ սա պատերազմական հանցագործություն է և միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի մեղավորներին պատժելու հարցում:

Անդրադառնալով զինծառայողների հանդեպ ոտնձգությունների ռիսկին, նա նշեց. «Տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվում են հայ զինծառայողների մարմինները և կան որոշ ապացույցներ, որ մեր զինծառայողների մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Միջազգային հանրության պատասխանատվությունն է, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ կանխարգելվեն նման ոտնձգությունները և նման դեպքեր արձանագրվելու դեպքում համապատասխան պատիժ սահմանվի միջազգային հանրության կողմից»:

Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում 90 տոկոսից ավելի դեպքում այդ մարմինները կամ անձիք խոշտանգվել և մի շարք վայրագությունների են ենթարկվել, իսկ այդ գործողությունները կատարողները հերոսացվել են Ադրբեջանի կողմից։ Նա նաև նշեց, որ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում: