Կառավարությունն իր այսօրվա նիստում 2022-ի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում կայացրեց:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա 7 հազար հատ չափաքանակով, որի շրջանակներում մաքսատուրքը կլինի զրո:
Նրա խոսքով, 2021-ին Հայաստան է ներկրվել 1900-ից մի փոքր քիչ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, բայց այդ թիվն այս տարի ավելացել է:
«Այս որոշմամբ բաշխում ենք 6400 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը: Մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ լրիվ նոր ավտոմեքենաների համար, որն ավելի երկար պրոցես է:
Ֆիզիկական անանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն 2022-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար: Այն մարդիկ, որոնք ներմուծել ու մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել եւ հետ ստանալ իրենց վճարած գումարները: Իրավաբանական անձանց համար այն տարածվում է մարտի 1-ից հետո ներմուծված եւ ներմուծվող մեքենաների վրա»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա համար այդ քվոտան 8 հազար մեքենա է, սակայն հիմա այդ քվոտան չեն բաշխում:
Նշվեց, որ այս պահին նման մեքենաների ներմուծման դեպքում 12,5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, հիմա առաջին 6400 մեքենաներ ներմուծողները դեպքում մաքսատուրքից կազատվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականին իրենք էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել էին ավելացված արժեքի հարկից. «Սա նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական մեքենաները: Սա իսկապես շատ լավ հնարավորություն է: Սա լավ առիթ է, որ ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման եւ սպասարկման ոլորտում:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կանխատեսեց, որ այս տարվա ընթացքում այդ 6400 մեքենայի քվոտան չի սպառվի, դրա հավանականությունը քիչ է, քանի որ մինչեւ այս պահը Հայաստան է ներմուծվել 414 էլեկտրամոբիլ:
0Comments