Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջիկայում պետք է սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հստակ քայլերի, Չավուշօղլուն ասել է.
«Հստակ քայլեր կլինեն, վստահությունը բարձրացնող քայլեր էլ իրականացվում են»:
Չավուշօղլուն կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները:
Անդրադառնալով Հարավային Կովկասում «կայունություն հաստատելուն» , նա շեշտել է, որ երկրները պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները միմյանց հետ: Նա միաժամանակ շեշտել է, որ այս ամենը իրականացնելը հեշտ չէ և «մեկ օրում չեն իրականացվում»:
Խոսելով Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև նոր հանդիպման մասին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն տեղեկացրել է որ երրորդ հանդիպումը նորից տեղի է ունենալու Վիեննայում:
Նա նաև նշել է, որ գիտակցում է, որ Հայաստանը ճնշման տակ է, քանի որ սա ամենևին հեշտ գործընթաց չէ: Նաև հասկանում են, որ հայկական սփյուռքի մի մասը հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համայքնները չեն աջակցում այս գործընթացին, ապա շարունակել է.
«Բայց հիմա արդյո՞ք երրորդ երկրում հանդիպելու կարիք կա»:
Չավուշօղլուն ընդգծել է, որ իր խոսքերը չպետք է ընկալել որպես մեղադրանք: Նրա խոսքով հայկական կողմը պետք է մի փոքր համարձակ լինի, քանի որ, եթե Թուրքիայում հանդիպում չեն կարողանում անցկացնել, ապա մյուս հարցերում ինչպե՞ս պետք է քայլեր անեն:
Նա նաև հայտնել է, որ իրենք անգամ առաջարկել են սկզբում Երևանում հանդիպել, բայց հայկական կողմը չի համաձայնել՝ պնդելով երրորդ երկրում հանդիպելու վրա:
0Comments