Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է հաղորդավար Կլարկ Հեյֆորդի հետ իր հարսանիքը, քանի որ երկրում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբ խոսքը վերաբերում է միջոցառումներին՝ ծննդյան տոներին, հարսանիքներին կամ ցանկացած այլ իրադարձությանը, մինչեւ 100 մասնակցի դեպքում սահմանափակումներն ուժի մեջ են մտնում կիրակի գիշերը՝ տագնապի կարմիր մակարդակին անցում կատարելու պահից: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հարսանիքը չի կայանա եւ ես պարզապես միանում եմ բազմաթիվ այլ նորզելանդացիներին, որոնք նման փորձ են ունեցել համավարակի պատճառով: Ես շատ ցավում եմ, սակայն մենք հասկանում ենք, որ դա անում ենք միմյանց համար»,-ասել է կառավարության ղեկավարը կիրակի՝ Վելինգթոնում առցանց ճեպազրույցի ժամանակ:
Արդերնի ու Հեյֆորդի հարսանիքը, որոնք ունեն երեք տարեկան դուստր, պետք է կայանար 2022 թվականի ամռանը (Հարավային կիսագնդում ամառը սկսվում է դեկտեմբերին ու ավարտվում փետրվարին) Գիսբորն քաղաքում, որը տեղակայված է Հյուսիսային կղզու արեւելյան ափին՝ Օքլենդից 480 կմ հեռավորության վրա: Սանիտարական սահմանափակումների պատճառով, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի բռնկման հետեւանքով, արարողությունը հետաձգվել է անորոշ ժամկետով: Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին:
0Comments