Գերմանիայի տարածքում 2017 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ամեն 14-րդ ամուսնությունը կնքվել է նույնասեռական զույգերի կողմից, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Rheinische Post-ին:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է 449446 ամուսնություն, դրանցից 16766-ը տղամարդկանց եւ եւս 16138-ը կանանց շրջանում: Բացի այդ, եւս մոտ 21500 պաշտոնապես գրանցված միություններ ձեւակերպվել են որպես ամուսնություններ:
2017 թվականի հոկտեմբերի 1-ից բոլորի համար ամուսնությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո թափ հավաքեց նույնասեռական զույգերի շրջանում ամուսնությունների կնքումը: Օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամիս անց հարաբերություններն օրինականացրել են 6080 տղամարդիկ եւ 5067 կանայք, ինչպես նաեւ եւս մոտ 9000 գրանցված միություններ ձեւակերպվել են որպես ամուսնություններ:
Օրենքն ընդունվել էր երկարատեւ քննարկումներից հետո: Քվեարկությունը հնարավոր էր դարձել այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է այդ հարցով իր կարծիքն արտահայտի՝ ղեկավարվելով ոչ թե կուսակցության, այլ բացառապես իր անձնական հայացքներով: Ինքը՝ Մերկելը, օրենքին դեմ էր քվեարկել:
0Comments