Քրիստոսի Ծննդյան փրկարար ավետիսով շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը:
Ներկա մարտահրավերներով լեցուն մեր իրականության մեջ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է աներեր պահել իր հավատքը՝ խարսխված Հիսուսի՝ հավիտենական խոսքի, կենդանարար և հիմնանորոգ պատգամներով: Հիսուս մարդացավ, որպեսզի մենք կյանք ունենանք և հավիտենական կյանքի ժառանգորդներ լինելու հույսը իրականության կոչենք: Հիսուս մարդացավ, որպեսզի կարողանանք մեր կյանքը ուղղորդել Իր կենարար Մարմնի և Արյան ճաշակումով՝ փառաբանելու և երկրպագելու հավիտենական Տիրոջը:
Սուրբ Ծննդյան հաշտեցնող ու խաղաղարար Ավետիսը թո՛ղ տարածվի մեր Հայրենիքի բովանդակ սահմաններով։ Թո՛ղ, որ այն թակի ամեն տան դուռ, ամեն անձի սիրտ ու միտք և ներս լցվելով նորոգի, ապաքինի ու վերադարձնի Աստծուն։ Գաղթական, վիրավոր, անհետ կորած և մարդկային կորուստներ կրած մեր բոլոր եղբայրների ու քույրերի սփոփանքն ու մխիթարությունն՝ անտեսված և հալածված Մանուկ Հիսուսն է։ Այս Մանկան միջոցով և խորհրդով է հաղթահարվելու յուրաքանչյուր փորձություն։ Եվ Նա այսօր մեր մեջ է և մեզ հետ է։
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,
Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս
Զենոն քհն. Բարսեղյան
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և
Սուրբ Աննա Եկեղեցիների
Հոգևոր հովիվ
0Comments