Դերասանուհի Մերի Հակոբյանը, Մոսկվայում երկու տարի ուսում ստանալուց հետո, վերադարձել է Երեւան, ու ինչպես ինքն է նշում՝ արդեն բուռն նկարահանուների մեջ է: Դերասանուհին առայժմ չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ նախագծերի մասին է խոսքը, փոխարենը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց Մոսկվայում սովորելու շրջանի, ձեռքբերումների եւ ադրբեջանցի համակուրսեցիների թիրախում հատնվելու ու դրա հետեւանքի մասին:
Մերին որոշեց Մոսկվայում ուսումը շարունակել այն ժամանակահատվածում, երբ իր կարիերայի գագաթնակետում էր՝ նոր դերեր, առաջարկներ, հեռուստադիտողի հետաքրքրություն ու մեդիայի ուշադրություն, սակայն չնայած այս ամենին՝ դերասանուհին հստակ որոշել էր՝ մասնագիտական նոր հմտություններ պետք է ձեռք բերի:
«Շատերին, իսկապես անակնկալի բերեց փաստը, որ ես կարիերաս թողեցի եւ սովորելու նպատակով մեկնեցի Մոսկվա հենց այն փուլում, երբ ունեի շատ առաջարկներ, խաղում էի գլխավոր կերպարներ»,-պատմում է դերասանեւհին,- «Ինքս իմ առաջ նպատակ էի դրել ավելի հմտանալ իմ մասնագիտության մեջ, զարգացնել հմտություններս, ավելի խորն ուսումնասիրել այս արվեստը, հասնել պրոֆեսիոնալիզմի եւ, իհարկե, ներկայանալ հայ հեռուստադիտողին բարձր մակարդակով։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր բնագավառում պետք է ձգտի ավելացնել գիտելիքները, զարգանալ ու միշտ առաջ շարժվել»,-հավելում է նա՝ չժխտելով, որ կյանքի նոր փուլում դժվարություններ եւս եղել են.
«Դժվարություններ միշտ լինում են՝ հատկապես այս ասպարեզում եւ օտար երկրում, երբ դու տարբերվում ես թե՛ արտաքնապես, թե՛ մշակույթով։ Ես ապրել եմ Մոսկվայում, բայց ոչ մոսկովյան կյանքով, քանի որ գնացել էի սովորելու։ Այնպիսի գրաֆիկով էի ապրում, որ մոսկովյան կյանքի համար ժամանակ, պարզապես, չէր մնում։ Առհասարակ, կարծում եմ՝ ոչինչ հեշտ չի տրվում։ Միշտ պետք է ինչ–որ բան զոհաբերել, որպեսզի հասնես նպատակիդ։ Միայն այդ ժամանակ հստակ կիմանաս՝ ուր ես գնում եւ ինչ պետք է անես, որպեսզի հաջողությունը ժպտա քեզ։ Հայաստանում ես սովորել էի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրայի բաժնում, նկարահանվել նախագծերում, եւ ժամանակն էր իրականացնել հաջորդ նպատակս։ Ես շատ ուրախ եմ այս որոշումը կայացնելու համար, քանի որ այս երկու տարին ինձ շատ բան տվեց, վերադարձել եմ գիտելիքների շատ ավելի մեծ պաշարով»։
Մերիի խոսքով՝ Մոսկվայում համալսարան ընդունվելը հեշտ չի եղել, քանի որ մրցակցությունը մեծ էր.
«3 փուլ եմ անցել 20 լավագույնի մեջ ընդգրկվելու եւ սովորելու իրավունք ստանալու համար։ 2 տարի նախապատրաստվել էի քննություններին, ի դեպ, ես այսքանով չեմ սահմանափակվելու և կրթությունս շարունակելու եմ։ Ձեռքբերումներս շատ-շատ են եղել։ Ես հնարավորություն եմ ունեցել սովորելու լավագույն մասնագետներից։ Դա շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա թե՛ որպես անհատ, թե՛ որպես դերասան զարգանալու համար։ Թե ինչ ձեռքբերումներ ունեցա, ցույց կտամ որպես արտիստ՝ նոր կերպարներս ավելի պրոֆեսիոնալ մատուցելով իմ հայ հեռուստադիտողին»։
Դերասանուհին ուրախությամբ ընդգծում է՝ չնայած իր էկրանային բացակայությանը՝ իրեն Հայաստանում չէին մոռացել.
«Իմ ընդունվելուց եւ մեկնելուց հետո Հայաստանում ինձնից շարունակում էին հետաքրքրվել, թե երբ եմ վերադառնալու, շահագրգռում էին նոր նախագծերով։ Ինձ համար դա շատ հաճելի փաստ էր։ Շնորհակալ եմ իմ հարազատ հեռուստաընկերությանը՝ «Արմենիա TV»–ին, ինձ չմոռանալու համար։ Դերասանի համար ավելի կարեւոր գնահատական լինել չի կարող։ Ես դրանից ավելի էի ոգեւորվում եւ փորձում առավելագույնը քաղել դասերից, որպեսզի վերադարձից հետո ավելի լավ ներկայանամ իմ լսարանին»։
Մերին նշում է՝ էկրանային գործունեությանը կարոտել էր, սակայն այդ «զոհաբերությունն» իրեն նոր պտուղներ է տվել.
«Այնտեղ էլ անդադար պրոցեսի մեջ էինք, ուսումնասիրում էինք այս ոլորտը թե՛ թեորիապես, թե՛ պրակտիկ։ Ես այնտեղ էլ աշխատանքի մեջ էի, պարզապես՝ այլ տեսանկյունից։ Բացի այդ, ես էկրաններին շատ էի եղել, բեմում՝ քիչ։ Այս երկու տարվա ընթացքում լրացրի այդ բացն ու բեմում խաղալու հնարավորությունս։ Մոսկվայում խաղացել եմ Ռոբեր Տոմայի «Восемь любящих женщин» (Пьеретта), Դոստոեւսկու «Идио́т» (Настасья) պիեսների հիման վրա բեմադրված ներկայացումներում։ Դա ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր»։
Հարցին՝ արդյոք նախորդ երկու տարիների ընթացքում հայկական սերիալների ու, առհասարակ, շոուբիզնեսի ու ֆիլմարտադրության մասին պատկերացումները փոխվե՞լ են, դերասանուհին պատասանեց.
«ԽՍՀՄ փլուզումից հետո կինոարտադրությունը մեծ անկում ապրեց, հետո սկսեց նորից ձեւավորվել։ Ձեւավորման փուլը հեշտ չի լինում, սակայն մենք գնալով հմտանում ենք։ Ինձ համար շատ ուրախալի է, որ պրոֆեսիոնալ դերասանների պահանջարկն ավելի է մեծանում, ռեժիսորները գերադասում են աշխատել հենց նրանց հետ։ Ըստ իս՝ սա արդեն մեծ քայլ է»։
Ի դեպ, Մերի Հակոբյանն ունի Instagram-ի նոր էջ. պատճառն այն է, որ նախորդ՝ բավական մեծ քանակի հետեւորդներով էջը կոտրել են թուրք հաքերները: Դերասանուհին կարծում է, որ նրանց թիրախում հայտնվել է հենց իր կուրսում սովորող ադրբեջանցիների միջնորդությամբ.
«Իմ կուրսում կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ադրբեջանցիներ, որոնք ոչ մի կերպ չէին հանդուրժում իմ ներկայությունը։ Նրանք ոչ մի կերպ չէին հաշտվում մտքի հետ, որ վայելում էի մեր վարպետի՝ Վսելովոդ Նիկոլայեվիչ Շիլովսկու համակրանքը։ Ընդունվելուս օրվանից շատ նամակներ եմ ստացել թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից։ Ի վերջո, հասան նրան, որ էջս կոտրեցին։ Կարծում եմ՝ հենց ինձ շրջապատվող ադրբեջանցիների միջնորդությամբ էի հայտնվել նրանց թիրախում, հատկապես, որ նրանցից ոչ ոք չավարտեց գերազանց գնահատականներով, իսկ ես կարմիր դիպլոմով ավարտեցի ուսումս։ Այդ թեմայով էլ մեծ աղմուկ էին բարձրացրել։ Բայց մենք ուժեղ ենք, ես դա նրանց ապացուցել եմ սովորելուս առաջին իսկ օրվանից։ Էջիս հարցում էլ կապացուցեմ։ Վստահ եմ՝ իմ հայ հեռուստադիտողները շատ շուտով կգտնեն իմ նոր էջը, կմիանան ինձ եւ միասին կապացուցենք, որ իրենց ճղճիմ քայլերով խոշոր հաշվով ոչնչի չեն հասնում։ Ես չեմ վախենում ամեն բան 0-ից սկսել։ Մի անգամ հասել եմ 350.000 հետեւորդի, երկրորդ անգամ էլ կհասնեմ»։
0Comments