Սերգո Կարապետյանի նկատմամբ կարող է հարկադրանք կիրառված լինել․ Սերժ Սարգսյանի պաշտպան

Մանրամասներ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար, այս գործով նախկինում ամբաստանյալի կարգավիճակ ունեցած Սերգո Կարապետյանի նկատմամբ հնարավոր է, որ հարկադրանք կիրառված լինել։

«Նախաքննության ժամկետը երկարացնելու համար գործը հետ է ուղարկվել քննիչին։ Նախաքննության ժամկետը երկարացնելու որոշման մեջ նշված է, թե քննիչը ինչ պետք է անի, նա արել է տրամագծորեն հակառակ ուղղությամբ եւ սկսում է իրականացնել ագրեսիվ քննություն։ Դատավարության մասնակիցները հարցաքննության են հրավիրվել առանց ծանուցագրերի։ Առաջին անգամ ծանուցագրերով սկսել են կանչել սեպտեմբերի 27-ին, կանչել են Սերգո Կարապետյանին։ Բազմաթիվ մարդիկ են կանչվում առանց ծանուցագրի, սակայն Սերգո Կարապետյանը հրավիրվում է հարցաքննության»,- նշեց նա։

Մակինյանը պատմեց, որ Սերգո Կարապետյանը մի քանի անգամ կանչվել է հարցաքննության եւ տվել է նույնաբովանդակ ցուցմունք, իսկ վերջին անգամ դիմում է գրել ՀՔԾ, թե այդ քրեական գործի առնչությամբ ասելիք ունի. «Կանչվելով ՀՔԾ հարցաքննության տվել է ցուցմունք հուլիսի 2-ին, դրանից հետո նորից է կանչվել հարցաքննության, տվել է առերես ցուցմունք, ոչ միայն ցուցմունք է տվել, այլ նաեւ հիմնավորել է իր ցուցմունքը։ Հետո հոկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության, երկուշաբթի օրը Կարապետյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, թե ես ձեզ բան ունեմ հայտնելու։ Հուլիսից մինչեւ հոկտեմբեր Սերգո Կարապետյանը բան ուներ հայտնելու, թող հայտներ։ Սերգո Կարապետյանը շաբաթ օրով գնացել է ՀՔԾ»։

«Հոկտեմբերի 7-ին Սերգո Կարապետյանը դիմում է գրել, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ ներկայանալը, այդ մասին քրեական գործում չարձանագրելը։ Ո՞նց եղավ, որ անձը մի քանի ամիս ցուցմունքներ է տալիս մի կերպ, հետո գնում ու թաքուն ՀՔԾ ու հակառակ ցուցմունքներ է տալիս»,- ասաց Մակինյանը։

Նա նշեց, որ այլ փաստեր կներկայացնի հաջորդող դատական նիստերին։

Պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից և ՀՔԾ շենքի պահպանություննն իրականացնող ծառայությունից տեղեկություններ պահանջել Կարապետյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին։