ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել իր ներկայությունը Սև ծովում և կշարունակի ամրապնդել գործընկերների հետ համագործակցությունը տարածաշրջանում: Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը վրացական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին տեղեկություններ է տրամադրել բրիտանական էսկադրային ականակիր նավի՝ Ռուսաստանի տարածքային ջրեր մտնելու միջադեպի վերաբերյալ: Դաշինքը համոզված է՝ Ղրիմն Ուկրաինա է, և ոչ Ռուսաստան, հայտնել է Ապաթուրայը:
«ՆԱՏՕ-ն հստակ դիրքորոշում ունի, երբ խոսքը նավագնացության ազատ տեղաշարժին է վերաբերում և այն փաստին, որ Ղրիմն Ուկրաինա է, և ոչ Ռուսաստան: Այս միջադեպի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռականություն ցուցաբերեցին իմ թվարկած սկզբունքները պաշտպանելիս», - մեկնաբանել է նա նավի հետ կապված միջադեպը: Նա Ռուսաստանին կոչ է արել գիտակցել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հետ չեն կանգնելու այս հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է «տարածաշրջանում ապակայունացման շարունակման համար»: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը սպառազինություն է տեղակայում Ղրիմում, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, ինչը բարդացնում է նավարկության ազատ տեղաշարժը», որի կապակցությամբ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայությունը Սև ծովում՝ դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու համար:
Բրիտանական նավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ին՝ Ղրիմում: ՌԴ Սևծովյան նավատորմն ու սահմանապահ ծառայությունը կրակ են բացել Defender նավի ուղղությամբ, որը ներխուժել էր, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի տարածքային ջրեր:
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ մեկնաբանել էր միջադեպը՝ այն սադրանք անվանելով, որը, ըստ նրա, կազմակերպել էին Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն:
0Comments