«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկ. 1:38)

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

ա

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխանները՝ Գալբիասը և Կանտիտասը, ովքեր որոշել էին ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Դեպի Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջև: Հետաքրքրությունից մղված՝ մոտենում են ամբոխին և տեղեկանում, որ այնտեղ, մի տուփի մեջ է պահպանվում Աստվածամոր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն և որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում և, վերադառնալով, ծածուկ կերպով փոխանակում են հրեա կնոջ տանը եղած իրական տուփի հետ հետ: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են  Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում և հաստատում Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

Աստվածածինը եղավ այն ընտրյալը, ում իջոցով Տեր Հիսուս Քրիստոս եկավ լույս աշխարհ: Նա՝ իր կատարյալ կենցաղով ու վարքով արժանացավ այդ շնորհին, որը կատարեց սրբորեն, կատարյալ կերպով: «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. 1:42-43): Աստվածածինը, գիտակցելով, թե ինչպիսի օրհնության է արժանացել, երբեք չլքեց Տիրոջը և երբեք չհպարտացավ, այլ շարունակեց քայլել Քրիստոսի ճանապարհով՝ասելով.  «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38): 

Տիրամոր տուփի գյուտի այս տոնին աղոթենք  Աստվածամորը՝ խնդրելով Նրա բարեխոսությունը:

Աղոթք Սուրբ Աստվածածնին

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:

Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

… Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես վարդապետ ԳԱՌՆԵՑԻ

qahana.am