Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը՝ թույլ չտալով, որ այն նորմայից բարձր կամ ցածր լինի։ Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման՝ բարձրացնելով վարակումների հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան այս հիվանդության զարգացման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։
Սովորաբար շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող գործոնները տարբեր են լինում, սակայն առավել հաճախ այն մտազուգորդվում է սխալ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության պակասի հետ, ուստի խնդրի կանխարգելման համար սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։ Սննդաբան Լորեն Հյուբերտը նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնք սննդակարգում ներառելն օգնում է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։
Ամբողջահատիկ մթերք
Մարդիկ հաճախ խուսափում են ածխաջրերի գործածությունից, քանի որ դրանք համարվում են ավելորդ քաշի կուտակմանը նպաստող հիմնական գործոններից մեկը, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք խիստ կարևոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, ուստի դրանցից լիովին հրաժարվելու կարիք չկա։ Պարզապես հարկավոր է նախապատվությունը տալ ճիշտ՝ բարդ ածխաջրերին, որոնց լավագույն աղբյուրներն են հացահատիկներն ու ամբողջահատիկ մթերքը։
«Ամբողջահատիկ մթերքը տարբերվում է վերամշակում անցած կամ ռաֆինացված ածխաջրերից։ Դրանցում հացահատիկները վնասված չեն, ինչը նշանակում է, որ բոլոր մանրաթելերն ու սննդարար նյութերն ամբողջությամբ պահպանվում են», - նշել է Հյուբերտը։
Հատապտուղներ
Թարմ կամ սառեցված մրգերը, բանջարեղենի տեսակներն ու հատապտուղներն օգնում են վերահսկողության տակ պահել ոչ միայն քաշը, այլև արյան մեջ շաքարի մակարդակը։ Հյուբերտի խոսքով՝ մեծ մասամբ նման ազդեցությունը պայմանավորված է սննդամթերքի այս տեսակների ցածր կալորիականությամբ և միևնույն ժամանակ դրանցում պարունակվող մեծ քանակությամբ մանրաթելերով ու այլ սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամիններով ու հանքանյութերով։
«Այնպիսի հատապտուղները, ինչպիսին են հապալասը, ելակն ու մոշը, հարուստ են սննդարար ու ֆիտոքիմիական նյութերով, որոնք, ինչպես ցույց են տվել հետազոտություննրը, նվազեցնում են ինսուլինի նկատմամբ օրգանիզմի կայունությունը», - նշել է մասնագետը։
Սոյա պարունակող մթերք
Սննդակարգում կենդանական ծագման սպիտակուցների և հատկապես կարմիր մսի կամ վերամշակում անցած մսամթերքի գործածության բարձր մակարդակը գիտնականները կապում են երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հետ, ուստի նման մթերքը ցանկալի է բացառել սննդակարգից՝ փոխարինելով դրանք սպիտակուցների ու անհրաժեշտ սննդարար նյութերի այլ աղբյուրով։ Օրինակ՝ երշիկով բուտերբրոդ փոխարեն տոֆուով բուտերբրոդ ուտելը թույլ կտա ստանալ անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, նիտրատներն ու այլ սննդարար նյութերը՝ միաժամանակ խուսափելով վնասակար մսամթերքի գործածության անցանկալի հետևանքներից։
Նյութի աղբյուրը՝ Թերթ.am և medikforum.ru
0Comments