Համացանցը խոցելի է դարձնում մարդկանց. Սերժ Թանկյան

Հիմա ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, էնպիսի տպավորություն է, որ մարդիկ լողում են անթիվ թեմաների մեջ, ինֆորմացիան դարձել է ֆասթֆուդի պես  մի բան

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ընթացքում մամուլի ասուլիս են տվել նաև մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ Սերժ Թանկյանը: Նա խոսել է համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին:

«Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ  ընկերներ են «Ֆեսբուքում», բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես իմ ընկերների մեծ մասը: Հաջորդ լուրջ խնդիրը սոցիալական կայքերով ամեն ինչ ասելու հնարավորությունն է: Մարդկանց թվում է, թե  սոցիալական կայքերում իրավունք ունեն ասել ամեն ինչ: Փողոցում դժվար թե մեկը ձեզ մոտենա, ասի` ինձ դուր չի գալիս քո հագուստը, իսկ համացանցում դա հնարավոր է:

Համացանցը խոցելի է դարձնում մարդկանց: Գաղտնիության խնդիրը ևս իրականում շատ լուրջ է: Ապրելով ԱՄՆ-ում և օգտվելով համացանցից՝ մենք կարող ենք համոզված լինել, որ գաղտնի ծառայությունները մեր մասին ունեն ցանկացած ինֆորմացիա: Ես հիշում եմ` երբ փոքր  էի, իմ ծնողները հատորներով հանրագիտարաններ էին գնում: Դա այնքան հաճելի էր ու հուզիչ, որ ես չպիտի գնայի գրադարան և կարող էի ինֆորմացիա վերցնել տանը նստած:  Հիմա ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, էնպիսի տպավորություն է, որ մարդիկ լողում են անթիվ թեմաների մեջ, ինֆորմացիան դարձել է ֆասթֆուդի պես  մի բան»,- ասել է  երաժիշտը: