Կոլումբիայի ափերի մոտ թմրանյութ տեղափոխող նավի խորտակման հետևանքով թմրավաճառներին հաջողվել է ջրի երեսին մնալ և փրկվել՝ թմրանյութի անջրանցիկ փաթեթների շնորհիվ: Փաթեթներում շուրջ 1,2 տոննա կոկաին տեսակի թմրանյութ է եղել, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Կոլումբիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները Տումակո քաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա 3 տղամարդու են հայտնաբերել: «Տուժածները» հայտնել են, որ իրենց նավը ծածկել է ծովի մեծ ալիքը, ինչի հետևանքով վերջիններս 3 ժամ անց են կացրել Խաղաղ օվկիանոսի ջրերում`թմրանյութի փաթեթներից կառչած:
Հանցագործներին նավ են տեղափոխել և համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Ոստիկանությունն ուսումնասիրել է թմրանյութի փաթեթները, ինչի արդյունքում 1,2 տոննա կոկաին է հայտնաբերել: Հանցագործներին անմիջապես ձերբակալել են: Տեղական մամուլի տվյալներով` տղամարդկանց կասկածում են թմրանյութի շրջանառության համար: Ներկա պահին դեռևս հայտնի չէ` արդյոք նրանց հանդեպ պաշտոնապես մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:
Պարբերականը նշում է, որ նավի վրա գտնվող ևս մի տղամարդ անհայտ կորել է: Երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ ծովափոկն ավստրալական ոստիկանությանն օգնել է ձերբակալել թմրանյութ տեղափոխող մաքսանենգների: Այն իր բարձր ճիչով վախեցրել է հանցագործներին` փակելով նրանց ճանապարհը:
0Comments