Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, 950 միլիոն դոլար կարողությամբ «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցանկում ընդգրկված Ռուբեն Վարդանյանը Forbes Life-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է անցնում իր օրը, նախագծերի ու գաղափարների, իր սիրած ուտեստների, ընդհանուր առմամբ կյանքի մասին:
«Սովորաբար, ես արթնանում եմ առավոտյան ժամը 7-ին, երբեմն՝ 7.30-ին, տարիների հետ, ինչպես ինձ է թվում, սկսել եմ ավելի երկար քնել: Ոչ մի անքուն գիշեր, այդ առումով իմ բախտը բերել է՝ միանգամից եմ քուն մտնում, սակայն արթնանում եմ վաղ»,- պատմել է գործարարը:
Առավոտյան նա փորձում է նամակները չստուգել, դա անում է քնելուց առաջ:
Գործարարը նշել է, որ իր կյանքը Մոսկվայում խիստ տարբերվում է արտերկրում կյանքից:
«Առաջիկա 16 օրերին ես լինելու եմ 6 երկրում: Այնտեղ գրաֆիկն էլ է տարբեր, ամենն էլ: Ընդհանուր առմամբ, իմ օրը բավականին ձանձրալի է, ես ոչ մի սուպերհերոս չեմ՝ անհավատալի սխրանքներով»,- խոստովանել է Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում հաճախ չի էլ նախաճաշում: Սակայն մի բան պարտադիր է՝ ամեն առավոտ նա կես լիտր ջուր է խմում՝ ընդգծելով, որ «Հայաստանի ջուրն ավելի լավն է, թեև Մոսկվայում էլ կարելի է լավ ջուր գտնել»:
Արդեն ժամը 8-ին նա աշխատավայրում է և զբաղվում է գործերով:
«Իմ կյանքը նույնիսկ իրականում աշխատանքն էլ չէ, շփումն է, շփում, շփում... Ես ուղղակի անհագուրդ քաղց ունեմ նախագծերի, գաղափարների նկատմամբ, հետաքրքիր մարդկանց նկատմամբ: Բացի դրանից՝ իրականում իմ կյանքում ոչինչ չկա: Ես ոչ մի բան չեմ հավաքում, հոբբի չունեմ»,- պատմել է բարերարը՝ հավելելով, որ սիրում է պարել և անեկդոտներ պատմել, հատկապես՝ հայերի մասին:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ օրվա մեջ կարող է 15 հանդիպում ունենալ, ամեն մեկը սովորաբար կես ժամ է տևում:
«Իմ կյանքում այնքան շատ նախագծեր ու մարդիկ կան, որ նրանք աչքիս առջևով անցնում են՝ ինչպես գեղադիտակը: Ես հաճախ եմ մոռանում, որ պետք է ճաշել, և ընդհանրապես ես իմ մասին հիշում եմ ամենավերջում»,- ասել է նա:
Այս կյանքում հաջողակ լինելու համար, ըստ նրա, մենք պարտավոր ենք սովորել, անընդհատ սովորել:
«Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է՝ մարդիկ ընտրում են քեզ, դու ընտրում ես նրանց: Երբեմն լինում է, որ բախտդ բերում է՝ հայտնվում ես ճիշտ վայրում, օրինակ՝ Մարկ Ցուկերբերգը, նա ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվեց: Սակայն ոչ թե դա է կարևորը, այլ այն, որ նա կարողացավ ճիշտ օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունը: Երկրորդը նպատակասլացությունն է»,- նշել է գործարարը:
Ռուբեն Վարդանյանը խոստովանել է, որ իրերի հետ կապվածություն չունի, 26 տարի օգտագործում է նույն մակնիշի մեքենա՝ Audi, սիրում է ոչխարի պանիր, «Կոկա Կոլա», միայն թե ապակյա շշերով, և սառը կոմպոտ: Եթե ստացվում է, ապա փորձում է ընտանիքի հետ միասին ճաշել, չնայած նշում է, որ իրենք ընտանիքով «սփռված են աշխարհով»:
«Մեր օրերում հարուստ մարդու համար ապրելն ավելի դժվար է դարձել, քան առաջ: Բացի այն, որ հարկավոր է տուն կառուցել, ծառ տնկել և որդի ունենալ, պետք է նաև պլան կազմել, որպեսզի տունը չքանդվի, ծառը չչորանա, իսկ տանն էլ լավ մթնոլորտ լինի»,- ասել է նա:
Կյանքում գլխավոր հարցը, ըստ նրա, երջանկության մեջ չէ:
«Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ չկա կատարելագործվելու սահման, և առջևում դեռ ահռելի ճանապարհ կա անցնելու, որի ընթացքում դու մշտապես գոհ չես լինի քեզնից: Ինչպես ասում է ճապոնական հին ասացվածքը՝ դու պետք է ապրես այնպես, որ պատրաստ լինես վաղը մեռնելուն, և սովորես այնպես, որ պատրաստ լինես հավերժ ապրելուն»,- եզրափակել է հայ գործարարը:
tert.am
0Comments