Բադասյանը մտահոգված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդարադատության նախարարը անդրադարձել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վարդանյանի հայտարարությանը, թե ՍԴ-ից իրենց է փոխանցվել ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղարկած նամակների հայերեն տարբերակները

Պարզ չի, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ՍԴ-ում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, թե ՍԴ-ից իրենց է փոխանցվել ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղարկած նամակների հայերեն տարբերակները, սակայն դրանցում չի եղել ոչ ստորագրություն, ոչ ամսաթիվ:

«Ես պարոն Վարդանյանի մտահոգությունները կիսում եմ, որովհետեւ ՍԴ-ն իրավասու է ընդունել որոշումներ եւ եզրակացություններ, եւ պարզ չէ, թե այդ դիմումներն ինչ իրավական ակտով են ընդունվել: Պարզ չի, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ՍԴ-ում: Հարց է առաջանում, ՍԴ դատավորները տեղյա՞կ են այդ դիմումի բովանդակությանը, տեսե՞լ են, քվեարկե՞լ են, խոսե՞լ են այդ դիմումի բովանդակության մասին: Ինձ էլ է դա մտահոգում»,-ընդգծեց նախարարը: