Ավինյանը հայտնել է՝ ում որոշմամբ են պաշտոնանկ արվել Վանեցյանն ու Օսիպյանը

Անկախ այդպիսի քննարկումներից և տարաձայնություններից, բարձրաստիճան պաշտոնյան չպետք է այդպես հեռանա

Այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ. «Վարչապետն է նախապես որոշել, որ նրանք պետք է հեռանան իրենց աշտոններից: Սա կարևոր արձանագրում է, հետագա բոլոր մեկնաբանությունները պետք է այս տրամաբանության մեջ լինեն»:

Լուրերին, թե այլ պաշտոնյաներ էլ են լքելու իրենց պաշտոնները, Ավինյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում:

Հարցին՝ Վանեցյանի հետ պաշտոնավարման ընթացքում միջանձնային խնդիրներ եղել են արդյո՞ք, փոխվարչապետն ասաց, որ աշխատանքային պրոցեսում տարատեսակ հարցերում լինում են տարաձայնություններ, կոշտ քննարկումներ. «Անկախ այդպիսի քննարկումներից և տարաձայնություններից, բարձրաստիճան պաշտոնյան չպետք է այդպես հեռանա»:

Ավինյանը հերքեց Վանեցյանի այն հայտարարությունը, թե Փաշինյանը մարդիկ է ուղարկել իր մոտ. «Վարչապետի մեթոդը չի դա, որ մարդ ուղարկի որևէ մեկի մոտ լռեցնելու համար»:

Փոխվարչապետը նաև ասաց, որ 2018 թվականի հեղափոխության ընթացքում կատարված բոլոր երևույթները եղել են թասփանցիկ, որևէ ստվերային գործարք չի եղել և չի կարող լինել:

Ավինյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը դեռևս ամիսներ առաջ լարված հարաբերություններ է ունեցել Արթուր Վանեցյանի հետ: