Շտապողականության էֆեկտը

Ինչպեսեւ կանխատեսում էինք դեռ ամիսներ առաջ՝ «շտապով» ձեւավորված խորհրդարանը կայուն մարմին չդարձավ

Ինչպեսեւ կանխատեսում էինք դեռ ամիսներ առաջ՝ «շտապով» ձեւավորված խորհրդարանը կայուն մարմին չդարձավ։ Առհասարակ՝ երբ էյֆորիայի մեջ հասարակությունն ընտրություն է կատարում եւ 70 տոկոս ձայն տալիս որեւէ ուժի, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Նաեւ դա էր պատճառը, որ քաղաքականությունից հասկացող մարդիկ հորդորում էին Նիկոլ Փաշինյանին մի փոքր հապաղել, թույլ տալ կրքերը սառեն, այդ ընթացքում նոր Ընտրական օրենսգիրք ընդունել եւ ազատվել ՀՀԿ-ական խայտառակ ռեյտինգայինից, ապա նոր միայն ընտրություններ կազմակերպել։ Թող որ «Իմ քայլի» քվեները ոչ թե 70 տոկոս լինեին, այլ 60 կամ 55, բայց կձեւավորվեր իրական քաղաքական մարմին՝ առանց պառակտվելու վտանգի, առանց այսքան խոտանի եւ նոր ժամանակներում ծնված քաղաքական ուժերից կազմված։ Բայց, ինչպես հայտնի է, ոչ մեկին ագահությունը դեռ բարիք չի բերել։ Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը։ Եվ այժմ ունենք այն, ինչ ունենք։ Օրեր առաջ եղավ մանդատից հրաժարվելու դիմում, երեկ հնչեց խմբակցությունից դուրս գալու հայտարարություն։ Ո՞վ է հաջորդը։ Մանավանդ ակնհայտ է, որ 88 հոգանոց իշխանական խմբակցությունն արդեն ճաք է տվել, եւ առջեւում մեզ նոր անակնկալներ են սպասվում։ Եվ դա բնական է՝ երբ չկա գաղափարական միասնություն, երբ մարդիկ միավորվում են այսրոպեական շահերի կամ ընդամենը մանդատ ունենալու համար, նման երեւույթներն անխուսափելի են։ Ի՞նչ ծրագիր ունի «Լուսավոր Հայաստանից» հեռացած Արման Բաբաջանյանը՝ երեկ այդ հարցն էին մարդիկ տալիս։ Պատասխանը կստանանք առաջիկայում։ Մի բան պարզ է, որ «Լուսավոր Հայաստանն» այդպես էլ չկողմնորոշվեց եւ այս ամիսների ընթացքում իր տեղը չգտավ քաղաքական դաշտում։

hraparak.am