Տեղի է ունեցել անպատկերացնելին՝ դավաճանություն հեղափոխական կոչմանն ու խոստումներին

Ես չեմ մերժում ամեն բան ինչ վարչապետն ու իր թիմն անում է

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինձ համար ցավալին այն է, որ մինչև հիմա արված որևէ գեղեցիկ և լավ հայտարարություն իրականություն չի դարձել, որևէ մեծ խոստում չի կատարվել: Երեկվա նորույթը «միացումն» էր, բայց դա ես դիտարկում եմ որպես սոսկ բառ և ժողովրդահաճո արտահայտության կիրառում: Մինչև հիմա ամեն բան արվել է՝ առավել մեծացնելու համար Արցախի այսպես կոչված անկախությունը Հայաստանից և ապամիացումն իրականում ավելի ամրապնդելու համար:

Հասկանալով իմ քննադատական մոտեցմանը հայհոյանքներով պատասխանող և հանրային ու ինտելեկտուալ որոշակի շատ սպեցիֆիկ մակարդակ ներկայացնող վարչապետամոլների արձագանքների ակնկալելիությունը, այնուամենայնիվ դա ինձ չի հուզում: Ինձ հուզում է միայն մի բան. այն որ երկիրը ղեկավարվում է ժողովրդահաճության խոսքերով և ճառերով միայն, իսկ գործնական դաշտում ոչինչ չի արվում: Մյուս կողմից թույլ են տրվում սխալներ, որոնք Հայաստանի մասշտաբները, խնդիրների ծավալները և աշխարհաքաղաքական դրությունը հաշվի առնելով՝ կարող են աղետալի լինել:

Ես չեմ մերժում ամեն բան ինչ վարչապետն ու իր թիմն անում է: Որոշ լավ բաներ այդ թիմն այնուամենայնիվ անում է: Ես մերժում եմ նրանց անհամակարգային մոտեցման համակարգային գործելակերպը, խոստումներ տալու և չկատարելու խիստ հետևողական վարքագիծը և հասարակությանն անընդհատ հիասթափեցնելու, բայց խոսքային դաշտում ոգևորել փորձելու հնարքների կիրառումը: Դա վտանգավոր մոտեցում է, վտանգավոր կառավարում և դրա համար մենք բարձր գին ենք վճարելու:

Ես սատարել եմ այս իշխանությանը, երբ ստանձնում էր երկրի ղեկը, որովհետև հուսացել եմ, հավատացել եմ, որ գալով հեղափոխությամբ իշխանության՝ այն չի կարողանալու չկատարել իր խոստումները, որևէ դեպքում չի շարունակելու նախկինների որևէ գիծ: Բայց տեղի է ունեցել անպատկերացնելին՝ դավաճանություն հեղափոխական կոչմանն ու խոստումներին և համակարգային առումով շարունակվել է այն ամենն ինչ կար մինչ անցյալ տարվա շարժումը: Հիմա, երբ դա այլևս փաստ է, ես չեմ կարող, ես իրավունք չունեմ լռելու կամ վատը լավ ներկայացնելու՝ ինչպես անում են բազում իմ գործընկերներն ու ընլերները: Ես չեմ վախենում հայհոյանքներից, մեղադրանքներից, վարչապետից «պաշտոն չստանալու պատճառով նրա դեմ չարացած» լինելու մեջ մեղադրվելուց և նման այլ ցածր բացատրություններից: Ես հաշվետու եմ միայն իմ խղճի առջև և ես առաջնորդվում եմ դրանով: Իսկ խիղճս ինձ թելադրում է, որ ես պարտավոր եմ մնալ այն գծի մեջ, որով ներգրավվել եմ որպես հեղափոխություն սկսված և Հայաստանը փոխելուն միտված շարժման մեջ:

Ուրեմն ես շարունակելու եմ իմ գիծը, շարունակելու եմ քննադատել՝ քանի դեռ գովելին չնչին է, պարսավելին՝ հսկայածավալ: