Ինչու չի աղմկում գետը. Ձորագետը ցամաքելու եզրին է

Նա հույս հայտնեց, որ իրենց խնդրանքը կլսեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները

Լոռու մարզում գտնվող Ձորագետը ցամաքելու եզրին է, գետի հարակից համայնքի՝ Կաթնառատի բնակիչները խնդրում են համապատասխան մարմիններին՝ ուշադրություն դարձնել այդ խնդրին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Կաթնառատ համայնքի բնակիչը։ Նրա խոսքով՝ գետից այսօր միայն առվակ է մնացել, եւ նա հույս ունի, որ գետը փրկելու ելք դեռ կա, եթե ուշադրություն դարձնեն խնդրին.

«Բնության այս հարստությունը բազմապատկելու փոխարեն, այսօր տեսնում եք բնությանը ինչ վնասներ են պատճառում։ Կաթնառատ գյուղը ժամանակին հիմնվել է հանուն այս ջրի, ջրի ձկան, որով պատերազմի ժամանակ մարդիկ ապրել են»,- ասաց բնակիչը։

Նա հույս հայտնեց, որ իրենց խնդրանքը կլսեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները. «Դիմում եմ համայն հայությանը, օգնեք մեզ՝ այս աղետից դուրս գանք։ Սա աղետ է ոչ միայն կենդանական աշխարհի համար, այլ նաեւ՝ գյուղացիների։ Բնության նկատմամբ նման վերաբերմունք չի կարելի ցույց տալ։ Սա դարի հանցագործություն է։ Ի՞նչ է նշանակում գումար վաստակելու համար գետի հունը ցամաքեցնել, կենդանական աշխարհից զրկել բնությունը։ Խնդրում եմ արձագանքեն համապատասխան մարմինները, եւ տարածեն, որ Հայաստանի լեռնային շրջանում կա մի հեռավոր գյուղ, որն օգտվել է այդ քաղցրահամ ջրից, այսօր այդ ջուրը չկա։ Եթե գետի նկատմամբ այդպիսի վերաբերմունք է, արդեն մեր նկատմամբ չասեմ՝ էլ ինչ վերաբերմունք է»։