Զելենսկին Պուտինին առաջարկել է խոսել Ղրիմի և Դոնբասի մասին

Մենք չենք փոխում և չենք հրաժարվում դիվանագիտական ոչ մի ձևաչափից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է խոսել և քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը: Զելենսկին Պուտինի է դիմել իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով:

«Պե՞տք է խոսել: Պետք է: Եկե՛ք քննարկենք, թե ումն է Ղրիմը և ով չկա Դոնբասում: Առաջարկում եմ բանակցություններում ընդգրկել հետևյալ խումբը՝ ես, Դուք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վա՞յրը: Կարծում եմ՝ Ալեքսանդր Սերգեևիչ Լուկաշենկոն մեզ հաճույքով կընդունի Մինսկում: Մենք չենք փոխում և չենք հրաժարվում դիվանագիտական ոչ մի ձևաչափից: Մենք առաջարկում ենք խոսել: Խոսել պետք է, այնպես չէ՞»,- ասել է Զելենսկին:

Russia Today գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ կլինի լավացնել հարաբերությունները և կառուցողական երկխոսություն սկսել Կիևի հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին կսկսի իրականացնել նախընտրական խոստումները: Պուտինն ընդգծել էր, որ ուկրաինացիները Զելենսկուց սպասում են Դոնբասում խաղաղության հասնելուն ուղղված կոնկրետ քայլեր, ինչպես նաև ներքին տարբեր հարցերի լուծում, այդ թվում՝ ռուսերենի և ուկրաիներենի կարգավիճակների որոշումը և «նեոֆաշիզմի դրսևորման» արգելումը: