Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետն էլ լրագրողներին ասել էր, որ Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիրը գրվում է, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը:
Հայկ Մարությանը նաև ասել էր, որ բնակիչներն են վճարելու վերելակները փոխելու համար: Քաղաքապետի այս հայտարարությունը աղմուկի պատճառ դարձավ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ որոշակի պարզաբանումներ է ներկայացրել.
«Քաղաքում իրականացվող ցանկացած ծախս, ցանկացած գործառույթ, այսպես, թե այնպես, ֆինանսավորում են բնակիչները: Եզրահարթակների փոխարինում, թեքարթակների վերանորոգում, կանաչապատում … Այս ամբողջը, այնուամենայնիվ, իրականացվում է բնակիչների կողմից: Այն, որ քաղաքապետը նշել է, որ բնակիչները պետք է այս ծախսերն իրենց վրա վերցնեն տարիների ընթացքում, նորմալ և օրինաչափ երևույթ է: Բնակիչները և հասարակական գործունեություն իրականացնող սյուբյեկները վճարում են որոշակի հարկեր, տուրքեր: Բնականաբար, որևէ քաղաքապետ իր միջոցները չի ծախսել քաղաքի հոգսերը հոգալու համար, ուստի ևես մեկ անգամ պետք է փաստեմ, որ շատ օրինաչափ հայտարարություն է: Ես հաստատում եմ այդ հայտարարությունը, որ բնակիչները պետք է վճարեն նման գործառույթների դիմաց, դա կլինի հարկերի տեսքով, տուրքերի, վճարների և այլն և այլն»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ խոսքը մոտ 3000 վերելակ փոխելու մասին է, իսկ հաշվարկներն ասում են, որ դրա համար ավելի քան 30 մլրդ է անհրաժեշտ: Այսօր վերելակների սպասարկման համար վճարվող գումարի չափը կավելանան 20-ից 30 տոկոսով:
0Comments