Ինչպես արդեն հայտնել ենք, Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Նիստում քննարկվում էր Ռ. Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ նիստում իրենք ներկայացրել են իրենց սեփական տեսակետները՝ բանավոր ու գրավոր ձևով, ապա լսել են առարկություններ: Նա նշել է, որ ներկայացնելու են «Մարտի 1-ին» առնչվող տեսանյութեր, որոնց մի մասը դեռևս ներկայացված չի եղել:
««Մարտի մեկի» հետ կապված տեսանյութեր են: Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներ պետք է ներկայացնենք տեսանյութերի տեսքով, խոսակցությունները ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի: Կալանավորման հետ կապված խնդիրը քննելիս դատարանը պետք է քննության առնի հիմնավոր կասկածն առ այն, որ անձը կարող է կատարած լինել արարքները, որոնք իրեն վերագրվում են: Մեղադրանքի մեջ կա կարևոր մի դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Մեղադրող կողմը սրա վրա լուրջ մեղադրանք է կառուցել՝ հիմքում դնելով փաստարկը, որ դրանք եղել են խաղաղ ու անզեն:
Հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի, այն է, թե արդյոք հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Ի թիվս այլի՝ մենք ուզում ենք ամենայն հստակությամբ ցույց տալ, որ մասնավորապես մարտի 1-ի հանրահավաքը Գ. Լուսավորիչի վրա չի եղել խաղաղ ու անզեն»,- ըստ tert.am-ի նշել է Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք տեսանյութերը վերցրել են համացանցից:
Հայկ Ալումյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին նախկինում մեղադրանք առաջադրված չի եղել, դրա համար էլ այդ տեսանյութերը չէին հրապարակել, իսկ հիմա «մեղադրանքը առաջադրված է, անհրաժեշտ համարեցինք տեսանյութը հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես մի քաղաքացիական հագուստով անձ ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ, բայց գնդակն անցել է նրա գլխավերևով»:
Փաստաբանը շեշտեց, որ այդ տեսանյութը նորություն չէ, երբ իրենք ներկայացրել են քննիչին, պարզվել է, որ տեսանյութը կա, ուղարկված է փորձաքննության:
«Երևում է, որ ոստիկանական ուժերի ուղղությամբ է գնում կրակոցը, ոչ թե ոստիկանների վրա, այլ գլխավերևով է գնում կրակոց: Մենք չենք կարող ասել՝ ով է եղել կրակողը, բայց հուսով ենք, որ նախաքննական մարմինը կպարզի»,- նշել է Ալումյանը:
0Comments